Մատչելիության հղումներ

logo-print
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) դիտորդները այսօր հանդիպել են թիվ 19 ընտրատարածքում (ք. Էջմիածին) մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու, Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հակոբյանը փոխանցեց, որ դիտորդներին մանրամասնորեն պատմել է, թե ինչպիսի «անօրինականություններ են իր նկատմամբ անում Արմավիրի մարզպետը եւ ոստիկանապետը»:

«Ասել եմ, որ միլիցիան` մարզպետի գլխավորությամբ, միջամտում են, մարդկանց տանում են, ծեծում են, ահաբեկում են: Օրերով պահում են, գլխներին սարքում են», - պատմեց Հակոբյանը:

Գլխավոր դատախազությունը, մինչդեռ, եւս մեկ գործ է հարուցել Հակոբ Հակոբյանի դեմ: Ըստ դատախազության հաղորդագրության` պատգամավորը Սահակ Ղազարյանին նստեցրել է իրեն պատկանող BMW մակնիշի ավտոմեքենան, ապա՝ տարել Զվարթնոց թաղամասի «Զվարթնոց» ռեստորանային համալիր: Ըստ Սահակ Ղազարյանի, Հակոբ Հակոբյանը խոստացել է իրեն տալ 5 հազար դոլար, եթե իր որդին՝ Վանիկ Ղազարյանը, չներկայանա Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատական նիստին եւ ցուցմունք չտա ի վնաս Հակոբյանի:

Սակայն Հակոբ Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հերքեց դատախազության տեղեկությունները. - «Դուք գիտեք, որ [գլխավոր դատախազ] Աղվան Հովսեփյանը ցանկացած մարդու ցանկացած ձեւով կարող է գրել, կարող է բան անել … Ինքը երկրի համար առաջին թշնամին է, բոլոր քաղաքական սպանությունները կոծկողն է, այսինքն` կարող է ցանկացած մարդու հետ զրուցելիս ասել, իբր այդ մարդը առեւանգել է, եւ այլն, եւ այլն: Հիմնական քաղաքական սպանությունների գլխի վերեւը կանգնած է ինքը. սպանում են` ինքն էլ կոծկում է այդ ամեն ինչը»:

Այսօր Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնելու` արդյոք Հակոբ Հակոբյանը եւ նույն ընտրատարածքում առաջադրված Սուսաննա Հարությունյանը իրենց թեկնածությունները գրանցելու ժամանակ կեղծիքներ կատարե՞լ են, թե՞ ոչ:

Դատական նիստից առաջ Սուսաննա Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե հույս չունի, որ դատարանը իրենց օգտին որոշում կկայացնի, քանի որ, ըստ նրա, պետական ապարատը աշխատում է գեներալ Սեյրան Սարոյանի համար. - «Ես համոզված եմ, որ հիմա անվավեր են ճանաչելու, այսպիսով իշխանությունները, պետական մեքենան լայն եւ ազատ ճանապարհ են տալիս Սարոյանին` գնալու Ազգային ժողով: Եվ դա կարող էին անել ավելի վաղ` թիվ 19 ընտրատարածքում ընդհանրապես չնշանակեին ընտրություններ, այլ նշանակովի լիներ այդ պաշտոնը. դա շատ ավելի ճիշտ կլիներ, քան` իմիտացիա անել ամբողջ աշխարհի առաջ, թե մենք գնում ենք դեպի ժողովրդավարություն»:

Տվյալ ընտրատարածքում գրանցված են չորս թեկնածուներ` ներկայիս Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանը, անկուսակցական, Հայաստանի զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Սեդրակ (Սեյրան) Սարոյանը, անկուսակցական Սուսաննա Հարությունյանը եւ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, Երեւանի Արաբկիր համայնքի ղեկավարի օգնական, քաղաքացիական նախաձեռնության առաջադրված Հակոբ Հակոբյանը: Սեդրակ Սարոյանին առաջադրել է Հանրապետական կուսակցությունը, մյուս երեք թեկնածուներն առաջադրվել են քաղաքացիական նախաձեռնությամբ:

Պատգամավոր Հակոբ Հակոբյանի եւ Սուսաննա Հարությունյանի թեկնածության գրանցումը չեղյալ համարելու պահանջով դատարան է դիմել Արաբկիրի համայնքապետի օգնական Հակոբ Հակոբյանը:

Անցած շաբաթ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մեծ դժվարությամբ էր գրանցել հիշյալ երկու թեկնածուներին` պնդելով, որ նրանց առաջադրումը պաշտպանող ստորագրությունների թվում կան կեղծված ստորագրություններ:

Լույս կիրակի գիշերը ինքնաձիգից կրակահերթ էր արձակվել Հակոբ Հակոբյանի ավտոմեքենայի վրա, ինչպես նաեւ հրդեհվել էր Սուսաննա Հարությունյանի նախընտրական շտաբը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG