Մատչելիության հղումներ

Ադրբեջանը անթույլատրելի է համարում օտարերկրյա ընկերությունների գործունեությունը «գրավյալ տարածքներում»


«Այն, ինչ արվում է Ադրբեջանի գրավյալ տարածքներում եւ, մասնավորապես, Շուշիում, հակասում է միջազգային իրավունքի նորմերին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո խոսնակ Խազար Իբրահիմին` մեկնաբանելով ամերիկյան «ՍԵՄԱ Ասոշիեյթս» ընկերության կողմից Շուշի քաղաքի նոր գլխավոր հատակագիծը մշակելու մասին տեղեկատվությունը:

Համաձայն «Շուշիի վերածնունդ» հիմնադրամի` օրերս տարածած հաղորդագրության, Շուշիի ազատագրման 15-ամյակի կապակցությամբ ծրագրված միջոցառումների շարքում մայիսի 8-ի երեկոյան նախատեսված է «ՍԵՄԱ Ասոշիեյթս» (ԱՄՆ) ընկերության մասնագետների կողմից մշակված Շուշիի նոր հատակագծի տեսապրոյեկտում բերդապարսպի վրա:

«Արտերկրում Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունները մշտապես տվյալ երկրների ղեկավարություններին իրազեկում են, որ գրավյալ տարածքներում օտարերկրյա ընկերությունների, կազմակերպությունների կամ այլ կառույցների ցանկացած գործողություններ եւ աշխատանքներ, ինչպես նաեւ օկուպացիոն ռեժիմի հետ ցանկացած համագործակցություն անթույլատրելի են եւ հակասում են միջազգային իրավական նորմերին», - ասել է Իբրահիմին:

«Նովոստի - Ազերբայջան» գործակալության վկայությամբ, արտգործնախարարության խոսնակը նշել է, որ եթե «գրավյալ տարածքներում» օտարերկրյա ընկերությունների գործունեության փաստը հաստատվի, այդ մասին կիրազեկվեն համապատասխան երկրները, եւ «հետագայում Ադրբեջանի տարածքում ընկերության ցանկացած հնարավոր գործունեություն իրավական տեսանկյունից անհնար կդառնա»:

Ադրբեջանական day.az էլեկտրոնային պարբերականը, իր հերթին, տեղեկացնում է, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանությունը հատուկ հետաքննություն է սկսելու ՍԵՄԱ ընկերության նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG