Մատչելիության հղումներ

Երեւան են ժամանում ԵԽ ԽՎ-ի` Հայաստանում ընտրությունների դիտարկման հանձնաժողովի անդամները


Երեքշաբթի օրը Երեւան է ժամանում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` (ԵԽ ԽՎ) Հայաստանում խորհրդարանական ընտրությունների դիտարկման ժամանակավոր հանձնաժողովի պատվիրակությունը: Հոլանդացի պատգամավոր Լեո Պլատվոյետի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են Ժորժ Կոլոմբիեն (Ֆրանսիա), Բեռնար Մարկետը (Մոնակո) եւ Էվալդ Լինդինգերը (Ավստրիա):

Վաղը նախատեսված են պատվիրակության հանդիպումները Երեւանում Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի, ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավարի, Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հետ:

Նույն օրը պատվիրակության անդամները Եվրախորհրդի գրասենյակում հանդիպումներ կունենան հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների, Եվրախորհրդի անդամ երկրների դեսպանների հետ:

Չորեքշաբթի օրը Լեո Պլատվոյետի գլխավորած պատվիրակության անդամները հանդիպումներ կունենան Ազգային ժողովում` խմբակցությունների ու խմբերի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ կհանդիպեն «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» կուսակցությունների եւ «Այլընտրանք» հասարակական -քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչների հետ:

Նախատեսված են հանդիպումներ նաեւ Սահմանադրական դատարանի անդամների եւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի ղեկավարի հետ:

Հինգշաբթի օրը պատվիրակությանը կընդունեն Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը:

Պատվիրակությունը կհանդիպի նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի հետ:

Նույն օրը դիտարկման խմբի հանդիպումները կամփոփվեն մամլո ասուլիսով:

Ուրբաթ օրը պատվիրակությունը կմեկնի Երեւանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG