Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


Այսօրվա երեւանյան թերթերը անդրադարձել են Արմավիրի թիվ 19 ընտրատարածքում լարվածությանը: «Առեւանգում, կրակահերթ ու հրդեհ մի քանի ժամում», - որակում է «Հայոց Աշխարհ»-ը: «Նախընտրական հրավառություն Էջմիածնում», - գրում է «168 ժամ»-ը: «Թեկնածությունս չեմ հանի», - էջմիածինցի թեկնածու, պատգամավոր Հակոբ Հակոբյանին վկայակոչում է «Առավոտ»-ը: Նրա մրցակից Սեյրան Սարոյանը «Հայկական Ժամանակ»-ին ասում է. - «Լավ է` էն մյուս Հակոբ Հակոբյանն էլ չի դրել, արա: Թե չէ` ես պլեն էի սրանց ձեռը, ոնց որ մեղվի փեթակ ըլնի, այ մարդ, ինչքան Հակոբ Հակոբյան կա, սիրահարվել են էս ընտրատարածքի վրա»: Իսկ իր հայրական տանը բնակվելու հետ կապված` ասում է. - «Լավ, կսազի՞ իմ նման գեներալին, որ ես կվարտիրայում ապրեմ: Դե ասա, էլի»:

Էջմիածինցի Հակոբ Հակոբյանը երեկ ուշ երեկոյան «Առավոտ»-ին փոխանցել է, որ մարզային ոստիկանության 80-90 աշխատակիցներ միաժամանակ խուզարկություն են կատարել իր եղբոր՝ Արմեն Հակոբյանի, իր շտաբի պետ Թոռնիկ Գեւորգյանի, շտաբի անդամ Լյովա Ղազարյանի եւ եւս չորս հոգու բնակարաններում ու իրեն պատկանող օբյեկտներում՝ զենք - զինամթերք ու թմրանյութեր հայտնաբերելու նպատակով, բայց այդպես էլ ոչինչ չեն գտել:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Սեյրան Օհանյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում հերքել է, թե Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու առաջարկ է ստացել:

Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամ Դավիթ Հովհաննիսյանը «Իմ իրավունքը» թերթի հարցազրույցում անդրադառնալով 53 Նոբելյան մրցանակակիրների` օրերս ստորագրած հայ եւ թուրք հասարակությունների հաշտության կոչ-նամակին, պնդել է, որ այդ ձեռնարկը «մեծ ազդեցություն կունենա միջազգային հանրության վրա»։ «Մեծ իմաստով, նամակի նշանակությունը բաժանարար գծերի շուրջ ձեւավորվող լարվածության թուլացումն է։ Ճանաչելով 20-րդ դարի սկզբի դեպքերը՝ Թուրքիայի իշխանությունները ամրագրում են Հայաստանի նկատմամբ իրենց խաղաղ դիրքորոշումը եւ երկու ժողովուրդների համար անցյալի հետ հաշտվելու հնարավորություն են ստեղծում», - շեշտել է Դավիթ Հովհաննիսյանը եւ հավելել. - «Սա ընդգծում է, թե միջազգային հանրությունն այս անգամ որքան լուրջ է անդրադառնալու մեր ընտրությունների արդյունքներին»։

Նույն թեմային անդրադառնալով` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանն իր հերթին շեշտադրել է. - «Նոբելյան մրցանակակիրների հայտարարությունը ոչ թե Հայոց ցեղասպանության փաստին տրվող իրավական, այլ հստակորեն քաղաքական գնահատական է։ Այն Արեւմուտքում վաղուց արդեն մշակված «Ճանաչում՝ առանց փոխհատուցման» հայտնի քաղաքական բանաձեւն է, որի միջոցով փորձ է արվում երկխոսություն սկսել երկու երկրների ու ժողովուրդների միջեւ։ Հայտնի է սակայն, որ այս բանաձեւը ժամանակին մերժվել ու այսօր էլ մերժվում է Թուրքիայի իշխանությունների կողմից, որոնք լսել անգամ չեն ուզում «Հայոց ցեղասպանություն» հասկացությունը։ Ուրեմն՝ լավ կլիներ, որ Նոբելյան մրցանակակիրների ստորագրած այս հայտարարության՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող բաժինը հասցեագրվեր միայն Թուրքիայի կառավարությանը, եւ մի ողջ ժողովրդի 1915 թվականին ապրած մեծ ողբերգությունը որեւէ կերպ չկապվեր առաջիկայում Հայաստանում բնակվող նրա մի հատվածին սպասող խորհրդարանական ընտրությունների հետ»։

«Իրար կերեք» վերնագրի տակ «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրն այսօր արձանագրել է. - «Բռնությունների էսկալացիան, որը տեղի է ունենում վերջին շաբաթներին, միանգամայն կանխատեսելի էր, եւ դրա մակերեսային բացատրությունն ակնհայտ է. սպասվող ընտրություններից առաջ տարբեր ավազակախմբերը պայքարում են իշխանության եւ հետեւաբար՝ տնտեսական լծակների առավել ախորժելի կտորը փախցնելու համար»: Գլխավոր խմբագիրը նաեւ պնդել է, որ Հայաստանում ձեւավորված «համակարգը կարելի է բարեփոխել միայն առավել խորշելի, առավել բանդիտական կերպարներից ազատվելով». - «Բնականաբար, աշխարհում հասկանում են, որ մեր փտած իրավապահ համակարգը ի վիճակի չէ այդ բանդիտներին մեկուսացնել հասարակությունից։ Ելքը, հետեւաբար այն է (որքան էլ ցինիկ հնչի ), որ նրանք իրար ոչնչացնեն»։

«Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը շատ շուտով աշխարհին կնայի արդեն ճաղավանդակի հետեւից, ու այս ճակատագիրը սպառնում է բոլոր նրանց, ովքեր իրենց կդնեն Ճոյտի տեղը», - ենթադրել է այսօր «Չորրորդ իշխանություն» թերթն ու ընդհանրացրել. - «Հակոբ Հակոբյանի օրինակը պետք է դաս լինի բոլոր իրենց գործարար համարողներին, ովքեր երբեւէ կմտածեն, որ իրենք անկախ մարդ են։ Եվ այս պայմաններում նույնիսկ տարօրինակ է, որ օլիգարխները ձգտում են մտնել խորհրդարան։ Չէ որ նրանք ընդամենը հրահանգված կոճակ սեղմելու ֆունկցիա են ունենալու եւ ոչ ավելին։ Իսկ կոճակ սեղմողներին այլընտրանք գտնել միշտ էլ կարելի է»։

Իր հերթին թիվ 19 ընտրատարածքի մյուս պատգամավորության թեկնածուն՝ գեներալ Սեյրան Սարոյանը «Հայկական Ժամանակ»-ին փոխանցել է - «Լավ է` էն մյուս Հակոբ Հակոբյանն էլ չի դրել: Թե չէ` ես պլեն էի սրանց ձեռը, ոնց որ մեղվի փեթակ ըլնի, այ մարդ, ինչքան Հակոբ Հակոբյան կա, սիրահարվել են էս ընտրատարածքի վրա»: Իր հայրական տանը բնակվելուն առնչվող հարցին ի պատասխան Սարոյանը ասել է. - «Լավ, կսազի՞ իմ նման գեներալին, որ ես կվարտիրայում ապրեմ: Դե ասա, էլի»:

«Իրավունք»-ի մեկնաբանը, անդրադառնալով վերջին շրջանում դրամի թուլացման միտումներին, բացատրել է. - «Վերջին մեկ ամսում դոլար-դրամ հարաբերակցության փոփոխությունը հօգուտ դոլարի պայմանավորված է նրանով, որ դա ցանկացել են, այլ ոչ թե այդպես պետք է լիներ։ Պարզ է՝ դաշտ են նետվելու բավականին մեծ գումարներ, բավականին մեծ քանակությամբ դոլար պետք է վերածվի դրամի եւ դրանով թե հնարավոր ընտրակաշառքները բաժանվեն, թե այլ ծախսերը հոգան։ Եվ պետք չէ կասկածել, որ պարզապես հենց խորհրդարանական առաջիկա ընտրություններն են նպաստում դոլարի բարձրացմանը։ Երբ այն ավարտվի այնպես, ինչպես կանխատեսում են, փոխարժեքը կսկսի անմիջապես ներքեւ գահավիժել, քանի որ փոխանակված դոլարներն սկսելու են հետ հավաքել, սակայն` ավելի ցածր ինքնարժեքով»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG