Մատչելիության հղումներ

«Ազգային միաբանություն»-ը վստահ է, որ ստանալու է ընտրողների 30 տոկոսի քվեն


«Ազգային միաբանություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը երկուշաբթի օրը վստահություն հայտնեց, որ խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը կստանա ընտրողների քվեների 28-30 տոկոսը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, վկայակոչելով «Գելապ» ինստիտուտի մասնակցությամբ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի ուսումնասիրությունների արդյունքները, Գեղամյանը պնդեց, որ իր վարկանիշը 54-57 տոկոս է. - «Ես մեր գործընկերների առաջ խնդիր եմ դրել` գոնե դրա կեսը եթե մենք չենք ապահովում, կնշանակի` շատ վատ ենք աշխատում: Կեսը ապահովելու պայմաններում 28-30 տոկոս ձայն մենք հավաքելու ենք»:


«Ազգային միաբանության» առաջնորդի ակնկալմամբ` առաջիկա ընտրություններն ավելի արդար են լինելու, քան նախորդները:

«Որովհետեւ մենք չեն կարողանալու մեր ժողովրդին զսպել. թույլ չենք տալու, որ հանկարծ որեւէ մեկը բախտախնդրությամբ զբաղվի եւ փորձի կեղծել ընտրությունների արդյունքները», - հայտարարեց Արտաշես Գեղամյանը:

Այսօր երեկոյան Շառլ Ազնավուրի հրապարակում իր քարոզարշավի մեկնարկը ազդարարեց Հայ հեղափոխական դաշնակցությունը: Կուսակցության ղեկավարները ներկայացրեցին «Դաշնակցությունը մեր հին ընկերն է» հիմնական կարգախոսի ներքո կառուցվելիք իրենց նախընտրական ծրագրի հիմնական ուղղությունները:

Նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը կսկսի վաղը` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունենալիք քաղաքացիական հավաքով:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG