Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Հայաստանը տնտեսական զարգացումը մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներից առաջնային է համարում»


Հայաստանի նորանշանակ վարչապետ Սերժ Սարգսյանը «Ֆայնենշլ Թայմս» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը տնտեսական զարգացումը մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներից առաջնային է համարում:

Համաձայն թերթի հրապարակման, Սերժ Սարգսյանը նշել է, թե աշխատատեղերն ավելի կարեւոր են, քան իրավունքները:

«Չնայած անցած մի քանի տարիների երկնիշ տնտեսական աճին` շրջափակման մեջ գտնվող կովկասյան հանրապետության մեկ երրորդը աղքատության շեմից ցածր է գտնվում», - գրում է թերթը:

«Դժվար է խոսել ժողովրդավարական եւ մարդու իրավունքների մասին, երբ դուք պետք է բավարարեք բնակչության սոցիալական եւ տնտեսական կարիքները», - ասել է վարչապետը անցած շաբաթ Բրյուսել կատարած այցի ժամանակ:

Այնուհանդերձ, ըստ թերթի, Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանի կառավարությունը, որը քննադատվում է մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի համար, կկատարի միջազգային կառույցներին տված խոստումները, եւ հույս է հայտնել, որ մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունները առաջին ընտրությունները կլինեն, որոնք ազատ եւ արդար կճանաչվեն ԵԱՀԿ-ի կողմից:

«Մենք հանձնառություններ ենք ստանձնել տարբեր ծրագրերում եւ կարծում ենք, որ դրանց իրականացումը բխում է մեր շահերից», - ասել է Հայաստանի վարչապետը` հավելելով. - «Մենք ցանկանում ենք եվրոպական ընտանիքի մաս կազմել»:

Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ Սերժ Սարգսյանը ասել է, որ առաջնահերթ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնագրի կնքմանը:

«Նավթով հարուստ պետությունը [Ադրբեջանը] վերջերս սպառազինվում է, սակայն պարոն Սարգսյանն ասաց, թե դա «սուր ճոճել» է: Թուրքիան փակել է Հայաստանի հետ իր սահմանը, եւ վարչապետն ասաց, որ ձգտելու է վերականգնել հարաբերությունները եւ խաղաղության պայմանագիր կնքել: Նա ասաց, որ Հայաստանը շատ ավելի արագ կզարգանա, եթե հասնի իր հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը», - գրում է «Ֆայնենշլ Թայմս»-ը:

Վարչապետը, միաժամանակ, ընդգծել է, որ Թուրքիան, որին առանց նախապայմանների բանակցություններ են առաջարկվել, փոխզիջման գնալու ցանկություն չի ցուցաբերել:

Սերժ Սարգսյանը նշել է, որ պաշտոնական Երեւանը շարունակելու է բարեկամական հարաբերություններ պահպանել Մոսկվայի հետ եւ չի պաշտպանելու փխրուն Կովկասում ԱՄՆ-ի ռազմակայանի տեղակայումը: Նա նաեւ շեշտել է, որ ընդօրինակման արժանի չի համարում Վրաստանի փորձը, որը Ռուսաստանի գերակայության դեմ ուղղված «վարդերի հեղափոխությամբ» շահել է Արեւմուտքի համակրանքը. - «Կարելի է շահարկել գերտերությունների միջեւ տարբերությունները, կարելի է եւ աշխատել նրանց հետ: Մենք գերադասում ենք աշխատել նրանց հետ»:

Վարչապետը հայտարարել է նաեւ, որ Հայաստանը կցանկանար ապագայում անդամակցել Եվրամիությանը, սակայն ցանկություն չունի անդամակցել պաշտպանական ՆԱՏՕ-ին, չնայած սերտորեն աշխատում է դաշինքի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG