Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց նախկին նախարարի ներկայացուցչի հայցը


Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը ուրբաթ օրը մերժեց տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, թիվ 13 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Էդուարդ Մադաթյանի լիազոր ներկայացուցիչ Հովիկ Արսենյանի հայցը «մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու գրանցելու պարտավորության մասին»:

Դատավոր Ազարյանի կայացրած որոշմամբ` ներկայացրած հայցը հիմնավոր չէր:

Թիվ 13 ընտրատարածքային հանձնաժողովը ապրիլի 2-ին կայացրած որոշմամբ չէր գրանցել Էդուարդ Մադաթյանին, որովհետեւ վերջինս չուներ տեղեկանք վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու եւ Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ:

Ընտրատարածքային հանձնաժողովի անդամ Ռազմիկ Ենգիբարյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էր, որ համայնքի ոստիկանության տրամադրած տեղեկանքում նշված է եղել, որ Մադաթյանը 1994 թվականից Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է:

2004 թվականի դեկտեմբերի 6-ից Էդուարդ Մադաթյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված: Նույն թվականի նոյեմբերին Մադաթյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` «պետական բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձ կազմակերպելու հատկանիշներով»:

Գործի քննությունն 2005-ի հուլիսից կասեցվել է, քանի որ հետախուզվող անձը չի հայտնաբերվել:

Ոստիկանության տվյալներով, Մադաթյանը 2004-ի նոյեմբերի 9-ին մեկնել է Մոսկվա: Այնինչ այսօր դատական նիստի ընթացքում Մադաթյանի լիազոր ներկայացուցիչ Հովիկ Արսենյանը պնդեց, որ Մադաթյանը «2005 եւ 2006 թվականների ընթացքում մշտապես բնակվել է Հայաստանում»:

Նույնը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց նախկին նախարարի եղբայրը` Գրիգոր Մադաթյանը. - «Ե'վ որպես եղբայր, ե'վ որպես լիազորված անձ հաստատում եւ պնդում եմ, որ Էդուարդ Ավետիքի Մադաթյանը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում»:

Գրիգոր Մադաթյանը «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին իր բջջային հեռախոսով միացրեց Էդուարդ Մադաթյանի հետ (բնակաբար`առանց վերջինիս հեռախոսահամարը հայտնելու): Վերջինս նույնպես պնդեց, որ գտնվում է Հայաստանում` հավելելով, որ չի կարողանում պաշտպանել իր իրավունքները, որ իր կյանքին վտանգ է սպառնում: Էդուարդ Մադաթյանը ասաց նաեւ, որ պատգամավորի թեկնածու գրանցվելու դեպքում անմիջապես կներկայանա իրավապահ մարմիններին:

Նույնը դատարանում հայտարարեց փաստաբան Հովիկ Արսենյանը. - «Գրանցման դեպքում` մեկ ժամ չանցած, պարոն Մադաթյանը ներկայանալու է իրավապահ մարմիններին: Պաշտոնապես հայտարարում եմ»:

Ըստ Ընտրական օրեսգրքի` պատգամավորության թեկնածու գրանցված անձը «կարող է կալանավորվել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվել» միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ:

Ըստ ոստիկանության տվյալների, Էդուարդ Մադաթյանը 1994 թվականից Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է: 1997 թվականից` Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Երեք անգամ առաջադրվել է Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու` 1995-ին, 1999-ին եւ 2003-ին: 1999-ին ընտրվել է խորհրդարանի պատգամավոր:

«1995-ին, 1999-ին եւ 2003-ին տրվել են տեղեկանքներ եւ ճանաչվել է, որ նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում», - ասաց Արսենյանը:

1999-ից մինչեւ 2002 թվականը Էդուարդ Մադաթյանը Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարն էր:

Դատարանում ոստիկանության ներկայացուցիչ Թագուհի Հովսեփյանն ասաց, որ իրենք միայն 2005 թվականին են իմացել, որ Մադաթյանը 1994 թվականից Ռուսաստանի քաղաքացի է, թեեւ 1997-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող անձնագիր է ստացել:

Ինչ վերաբերում է մշտական բնակության վայրին, ապա Թագուհի Հովսեփյանի, ինչպես նաեւ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ոստիկանության բաժնի պետ Նվեր Հովհաննեսյանի հավաստիացումներով, օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզել են, որ Էդուարդ Մադաթյանը չի բնակվում այնտեղ, որտեղ հաշվառված է: Դրա համար չեն տվել պահանջվող տեղեկանքը:

«Եթե մենք այս պահին ձեզ տալիս են Հայաստանի Հանրապետությունում նրա [Էդուարդ Մադաթյանի] բնակվելու մասին տեղեկանք, իսկ միգուցե այդ մարդը ֆիզիկապես գոյություն չունի», - փաստարկեց Թագուհի Հովսեփյանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG