Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրվող օգնության շարունակականությունը կրկին պայմանավորում է առաջիկա ընտրություններով


Հինգշաբթի օրը Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության աջակցմանն ուղղված ծրագրերի եւ դիվանագիտական քայլերի վերաբերյալ տարեկան զեկույցը:

Փաստաթղթում, մասնավորապես, Միացյալ Նահանգները եւս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանում «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շարունակականությունը կախված է առաջիկա խորհրդարանական ու նախագահական ընտրություններից, ինչպես նաեւ` արդարացի կառավարման ոլորտում արձանագրելիք հաջողություններից:

«Ծրագիրը շարունակվում է` չնայած այս տարի ժողովրդավարական կառավարման ոլորտում երկրի արձանագրած նահանջին: Այդուամենայնիվ, Միացյալ Նահագների պաշտոնյաները զգուշացրել են Հայաստանի կառավարությանը, որ հնգամյա ծրագրի ֆինանսավորման շարունակականությունը կախված է այս ոլորտի առաջընթացից», - փաստում է զեկույցը:

Փաստաթղթի համաձայն, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված` Միացյալ Նահանգների ռազմավարությունը կենտրոնանում է ժողովրդավարական ինստիտուտների եւ գործընթացների աջակցության, անկախ մամուլի, հանրահավաքներ անցկացնելու ազատության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների, կրոնական ազատության եւ թրաֆիկինգի դեմ պայքարի վրա:

2006 թվականի ընթացքում, ըստ զեկույցի, Միացյալ Նահանգների պաշտոնյաները Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, լրագրողների ու խմբագիրների հետ հանդիպումներում հետեւողականորեն բարձրաձայնել են մամուլի ազատության եւ պատասխանատվության կարեւորությունը, կոչ են արել իշխանություններին հարգել հանրահավաքներ անցկացնելու` քաղաքացիների իրավունքն ու ուշադրությամբ հետեւել այս տարի Հայաստանում անցկացված փոքրաթիվ ցույցերին ու հանրահավաքներին:

«2005 թվականի սահմանադրական հանրաքվեն եւ 2003 թվականի խորհրդարանական ու նախագահական ընտրությունները անցան խախտումներով եւ չհամապատասխանեցին միջազգային չափանիշներին: Կառավարության կողմից մարդու իրավունքների պաշտպանության աստիճանը մնում է ցածր, կարեւոր խնդիրները` չլուծված: Քաղաքացիները հնարավորություն չունեն ազատորեն փոխել իրենց իշխանություններին, պաշտոնյաները ծեծի են ենթարկում նախաքննության մեջ գտնվող կալանավորներին, ազգային անվտանգության ծառայությունը եւ ոստիկանությունը գործում են անպատիժ, իրականացվում են կամայական ձերբակալություններ: Կալանավայրերում, թեեւ կան դանդաղ ընթացող բարեփոխումներ, այդուամենայնիվ, նեղվածք է: Իշխանությունները սահմանափակում են քաղաքացիների ազատությունը, լրատվամիջոցների անկախությունը ու հանրահավաքներ անցկացնելու իրավունքը»:

«Արդարադատության համակարգը, որ սահմանադրական բարեփոխումներից հետո որոշակի անկախություն է ստացել, դեռեւս ենթարկվում է քաղաքական ճնշումների եւ կոռուպցիայի: Կառավարությունն ու օրենքները սահմանափակում են կրոնական ազատությունը», - փաստում է պետդեպարտամենտի` երեկ հրապարակված զեկույցը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG