Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Պետդուման «հակասահմանադրական» է որակում Ուկրաինայի նախագահի որոշումը


Ռուսաստանի Պետդուման այսօր ընդունել է հայտարարություն, որում իր բացասական վերաբերմունքն է արտահայտում Գերագույն ռադան լուծարելու` Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի որոշման նկատմամբ եւ այն որակում «հակասահմանադրական»:

Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, «Ուկրաինայում իրավիճակի եւ ռուս - ուկրաինական հարաբերությունների, բարեկամության, համագործակցության եւ գործընկերության զարգացման ու խորացման անհետաձգելի խնդիրների մասին» վերտառությամբ հայտարարության օգտին են քվեարկել Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի 342 պատգամավորներ:

«Ուկրաինայի նախագահի կողմից երկրի խորհրդարանը` Գերագույն ռադան լուծարելու մասին հրամանագրի ստորագրումը օրեցօր ավելի է բարդացնում իրադրությունը», - ասված է հայտարարությունում: - «Ուկրաինայում նախագահական իշխանության կողմից իրավական դաշտի սահմաններից դուրս գալու ծայրաստիճան վտանգավոր ազդանշան է հղվում քաղաքական ուժերին»:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի նախագահի կողմից արտակարգ իրավիճակ մտցնելու հնարավորությանը, ապա դա, ըստ ռուս օրենսդիրների, «կլիներ, ըստ էության, պետության մեջ իշխանության ուզուրպացման ակտ»: «Նման հակասահմանադրական որոշման ընդունումը ծայրաստիճան կբարդացնի օտարերկրյա պետությունների հետ քաղաքական, տնտեսական եւ այլ հարաբերությունները», - ասված է փաստաթղթում:

Պետդուման նաեւ կոչ է անում Ուկրաինայի արտասահմանյան գործընկերներին եւ միջազգային կազմակերպություններին ուկրաինացի խորհրդարանականների հետ համերաշխ դիրքորոշում որդեգրել` «քանզի առկա է մարտահրավեր պառլամենտարիզմի բուն գաղափարին»:

Իր հերթին, Ուկրաինայի վարչապետ Վիկտոր Յանուկովիչը «Իզվեստիա» թերթի հարցազրույցում հայտարարել է, որ համաձայն երկրի Սահմանադրության` «կառավարությունը կարելի է պաշտոնանկ անել միայն Ռադայի որոշմամբ, եւ ոչ մի այլ տարբերակ գոյություն չունի, այդ թվում` նախագահի հրամանագրերը»:

«Յուշչենկոն չի կարող ինձ ազատել» վերնագրված հարցազրույցում Յանուկովիչը նաեւ իրական չի համարել ուժային տարբերակի կիրառումը. - «Դրա համար նախադրյալներ չկան: Մենք տեսնում ենք, որ ամբողջ երկրով մեկ հանրահավաքներ են ընթանում: Ոչ ոք մարդկանց չի խանգարում` արտահայտելու իրենց կարծիքը: Մայդաններից [հրապարակներ] ոչ մեկում ոչ ոք ապակառուցողական գործողություններ թույլ չի տալիս»:

Այս շաբաթվա սկզբին Ուկրաինայի նախագահ Յուշչենկոն ստորագրել եւ իր պաշտոնական տեղեկագրում ընդգրկել է երկրի խորհրդարանը լուծարելու մասին հրամանագիր: Կոալիցիոն կառավարությունը, սակայն, հակասահմանադրական է համարում հրամանագիրը եւ հրաժարվում է ենթարկվել դրան: Ուկրաինացի խորհրդարանականները հրամանագրի սահմանադրականությունը վիճարկում են Սահմանադրական դատարանում:

Մայրաքաղաք Կիեւում եւ երկրի այլ բնակավայրերում ամբողջ շաբաթվա ընթացքում զանգվածային ցույցեր են անցկացնում ինչպես կառավարող կոալիցիայի, այնպես էլ նախագահի կողմնակիցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG