Մատչելիության հղումներ

«Միասնական Ջավախք»-ը դատապարտում է Միշա Կիրակոսյանի սպանությունը


«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը խստագույն դատապարտում է երկուշաբթի օրը Ածղուր - Ախալցխա ճանապարհահատվածում Ախալցխա քաղաքի հայազգի բնակիչ Միշա Կիրակոսյանի սպանությունը եւ պահանջում անհապաղ ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները` մեղավորին դատական պատասխանատվության առջեւ կանգնեցելու համար:

Միջազգային հանրությանը դաշինքը կոչ է անում ուշադրության կենտրոնում պահել դատավարությունը եւ դատավճռի իրականացման ընթացքը:

«Միասնական Ջավախք»-ը պնդում է, որ Միշա Կիրակոսյանի սպանությունը չի կարող դիտարկվել որպես ողբերգական պատահականություն. - «Վրաստանում ազգային պատկանելության հողի վրա հայերի սպանությունները վաղուց ի վեր վերածվել են կայուն «ավանդույթի» եւ միտված են ջավախահայության ուժային ահաբեկմանը եւ երկրամասում նրանց լիիրավ ու հայեցի կերպով ապրելու քաղաքական կամքի ճնշմանը»:

28-ամյա Միշա Կիրակոսյանի սպանության գործով ձերբակալվել է վրացի ոստիկան Պետրե Չաղիաշվիլին, որը մեղադրվում է լիազորությունները գերազանցելու եւ կանխամտածված սպանության համար:

Ախալցխայի շրջանի Ածղոր գյուղից շրջկենտրոն վերադառնալիս Ախալցխայի մոտոսիրողների խմբակի անդամ Կիրակոսյանը չէր ենթարկվել կանգ առնելու` պարեկային ոստիկանության աշխատակցի հրահանգին, եւ վերջինս առանց զգուշացնելու կրակել էր նրա վրա: Հայ երիտասարդը սրտից վիրավորվել էր եւ տեղում մահացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG