Մատչելիության հղումներ

Այսօր Երեւանում բացվեց ԱՊՀ-ի դիտորդական առաքելության գրասենյակը: Առաքելության ղեկավար Վլադիմիր Ռուշայլոն հայտարարեց, որ, հավանաբար, եւս 4 գրասենյակ կբացեն մարզերում:

ԱՊՀ-ի անդամ երկրներից Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետեւելու են շուրջ 200 հարյուր դիդորդ ԱՊՀ գործադիր կոմիտեից եւ միջխորհրդարանական վեհաժողովից:

Առաքելության ղեկավար Վլադիմիր Ռուշայլոն այսօր հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նորանշանակ վարչապետ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ արեգին Ազարյանի հետ:

Ազարյանի հետ հանդիպումից հետո Ռուշայլոն լրագրողներին փոխանցեց, որ այս պահին համաձայնեցվել է երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող 29-հոգանոց ցուցակը: Առայժմ հստակ չէ, թե քվեարկության օրը քանի հոգի է հետեւելու ընտրությունների ընթացքին:

Նրա խոսքերով` կարճաժամկետ դիտորդների թիվը 150-ից պակաս չի լինի:

ԱՊՀ-ի դիտորդները նախատեսում են քվեարկությանը օրը այցելել բոլոր 41 ընտրատարածքները:

Հայաստանյան նախորդ ընտրությունների ընթացքին հետեւելու համար ԱՊՀ-ից այսքան շատ դիտորդներ չէին գալիս, իսկ երկարաժամկետ դիտորդական առաքելություն չէր իրականացվում: Ռուշայլոն այս փոփոխությունը բացատրեց նրանով, որ միջազգային մյուս կառույցների` այդ թվում նաեւ ԵԱՀԿ-ի փորձը ցույց է տվել, որ երկարաժամկետ դիտորդական առաքելությունը հնարավորություն է տալիս ավելի մանրամասն ուսումնասիրել ընտրական գործընթացների նախապատրաստական փուլը: Նույն փորձը հաշվի առնելով` որոշել են մեծացնել դիտորդների թիվը:

Վլադիմիր Ռուշայլոն ասաց, որ իրենք հանդիպելու են ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանամետ թեկնածուների հետ. - «Մենք հանդիպում ենք հանդիպելու ենք բոլորի հետ»:

Նախկինում Հայաստանում անցկացված համապետական բոլոր ընտրությունների ժամանակ ԱՊՀ դիտորդների եզրակացությունները միշտ դրական են եղել, միշտ նշվել է, որ գրանցված ընտրախախտումները չեն ազդել արդյունքների վրա: Վլադիմիր Ռուշայլոն այսօր նույնպես ասաց, որ նախորհդ ընտրություններում եղած «թերությունները համակարգային չեն եղել, եւ չեն ազդել արդյունքների վրա»:

Հակադարձելով հայաստանյան մամուլի հեգնական պնդումներին, թե ԱՊՀ-ի դիտորդները նախապես պատրաստ եզրակացությամբ են գալիս, Ռուշայլոն դրանք որակեց «դատարկ դատողություններ»` փաստարկելով. - «Նախապես ոչինչ հնարավոր չէ անել, որովհետեւ առաքելության կազմում ԱՊՀ-ի տարբեր երկրներից ընդգրկված պատգամավորներին ինչ-որ հրահանգ տալ հնարավոր չէ»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG