Մատչելիության հղումներ

Դավիթ Հարությունյանը հերքում է, թե նախագահն է իրեն գործուղել ՀՀԿ


Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը այսօր որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում հերքեց հայաստանյան մամուլում հրապարակված լուրերը, թե իրեն Հայաստանի հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) գործուղել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Դա ճիշտ չէ», - պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց Հարությունյանը: - «Ես այդ ազատությունը ունեի ընտրելու երկու կուսակցություններից [ՀՀԿ եւ «Բարգավաճ Հայաստան»] մեկը եւ ընտրությունը կատարեցի: Ավելին` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրեց գործադիր իշխանության առաջին դեմքերին չունենալ իրենց ցուցակում»:

ՀՀԿ-ին անդամակցելու իր որոշումը փաստարկելով` Դավիթ Հարությունյանը ասաց. - «Պայմանավորված է նրանով, որ իմ թիմակիցները, ում հետ ես աշխատել եմ վերջին 7 տարիների ընթացքում, այդ կուսակցության անդամ էին»:

«Հանրապետականը իր գաղափարախոսությունը իրագործել է այն քաղաքականությամբ, որը վարել է վերջին 7 տարիների ընթացքում», - շարունակեց նա: - «Մենք տեսնում ենք, թե զարգացումները երկրի հասարակական կյանքի ինչ ուղով են ընթացել այս տարիների ընթացքում: Եվ այդ ուղին շարունակվելու է: Ինձ համար սա շատ հարազատ ուղի է եղել: Ինչ վերաբերում է կուսակցության գաղափարախոսությանը, երբեւէ կուսակցության գաղափարախոսությունը չի կարող լինել կարծրացած: Գաղափարախոսությունը դա զուտ նժդեհականությունը չէ. գաղափարախոսության հիմքում ընկած են բազմաթիվ սկզբունքներ, որոնք իրագործվում են հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Եվ դա երբեք չի կարող համարվել կարծրացած»:

Հարությունյանի կարծիքով, կառավարության կազմը մինչեւ խորհրդարանական ընտրությունները չի փոխվի:

Հարցին, թե կկարողանա՞ ՀՀԿ-ն ապահովել եւ երաշխավորել ազատ եւ արդար խորհրդարանական ընտրություններ, Դավիթ Հարությունյանը արձագանքեց. - «Մենք այլընտրանք չունենք: Այդ կամքը կա, եւ կուսակցությունը այս պահին մշակում է նաեւ միջոցառումներ, որոնք կաջակցեն այդ նպատակի իրագործմանը: Ձեւավորել ենք ինչպես ասում են` տաք գիծ, եւ այդ աշխատանքների պատասխանատուն ես եմ լինելու: Պայքարելու ենք ընտրախախտումների դեմ, նախընտրական քարոզչության ժամանակ որեւէ խախտման դեմ»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG