Մատչելիության հղումներ

Մինչեւ 2030 թվականը օնկոլոգիական հիվանդությունների դեպքերի թիվը կկրկնապատկվի


Մինչեւ 2030 թվականը օնկոլոգիական հիվանդությունների դեպքերի թիվը աշխարհում կկրկնապատկվի: Այսպիսի կանխատեսում է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Փիթեր Բոյլը` նշելով, որ ամեն տարի աշխարհում արձանագրվում է քաղցկեղի 10 միլիոն նոր դեպք:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը երեքշաբթի օրը Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանում հայտարարել է նաեւ, որ քաղցկեղը ամենատարածված հիվանդություններից է եւ մահացության գլխավոր պատճառներից մեկը. այն ավելի շատ մարդկային կյանքեր է խլում, քան մալարիան, ՄԻԱՎ-ը եւ տուբերկուլյոզը միասին վերցրած:

Ամեն տարի քաղցկեղից մահանում է 6 միլիոն մարդ: Ներկայումս աշխարհում ավելի քան 20 միլիոն մարդ տառապում է այդ հիվանդությամբ: Զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներում քաղցկեղը մահվան բոլոր դեպքերի 20 տոկոսի պատճառն է:

Քաղցկեղով հիվանդանալու պատճառների թվում Բոյլը նշել է ծխելը, ոգելից խմիչքների օգտագործումը, անառողջ սնունդը, վարակները եւ քիչ շարժուն ապրելակերպը:

Միաժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ այժմ արդեն պարզված են քաղցկեղի առաջացման պատճառները, ինչը հիվանդության շատ տեսակների կանխարգելման հնարավորություն է տալիս: Կա նաեւ մեթոդաբանություն, որը թույլ է տալիս վաղ փուլում հայտնաբերել հիվանդությունը եւ արդյունավետ բուժում իրականացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG