Մատչելիության հղումներ

Մինչեւ արտգործնախարարների հանդիպումը համանախագահները տարածաշրջան չեն այցելի


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները չեն ծրագրում ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան այցելել մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի` ապրիլին նախատեսված հանդիպումը: Հաղորդելով այս մասին` Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հնարավոր է համարել համանախագահների այցը տարածաշրջան մինչեւ ամառ:

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, երկուշաբթի օրը Մերզլյակովը Մոսկվայում խորհրդակցություններ է անցկացրել ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերի հետ, եւ վերջինս համոզմունք է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի ամենամոտ ապագայում:

Երեքշաբթի օրը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը տեղեկացրել է, որ համանախագահները զանգահարել են իրեն եւ առաջարկել հայ պաշտոնակցի հետ հանդիպումը անցկացնել ապրիլի վերջին - մայիսի սկզբին Եվրոպայի քաղաքներից մեկում:

Մամեդյարովը նշել է, որ հանդիպման ժամկետը կախված է նախարարների ժամանակացույցից եւ կճշտվի մոտ օրերս:

Նա ցանկալի է համարել, որպեսզի հանդիպումն անցկացվի մինչեւ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG