Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, երեկ երեկոյան կայացած ՀՀԿ-ի նիստից հետո լուրեր են տարածվել, թե նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար եւ ՀՀԿ-ի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի հետ ծանր խոսակցություն է ունեցել: «Ըստ այդ լուրերի, Սերժ Սարգսյանը Աբրահամյանին ասել է, որ մինչեւ ինքը Բրյուսելից վերադառնա, Աբրահամյանը պետք է հեռացած լինի ՀՀԿ-ից», - գրում է թերթը` հավելելով. - «Սերժ Սարգսյանի մոտ զայրույթ է առաջացրել այն, որ Աբրահամյանն իբր աշխատել է ԲՀԿ-ի օգտին»:

Անդրադառնալով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ մահափորձի շարժառիթներին` «Իսկական իրավունք» թերթն այսօր մի քանի վարկածներ է առանձնացրել. - «Վարդան Ղուկասյանի դեմ մահափորձի հիմնական վարկածը, ըստ դիտորդների, ներքաղաքական զարգացումների հետեւանքն է։ Հայտնի է, որ Ղուկասյանը ժամանակին համարվում էր Ռոբերտ Քոչարյանի նվիրյալ, սակայն, վերջին 5-6 ամիսը ամենաջերմ հարաբերությունների մեջ է ՍԵրժ Սարգսյանի հետ: ՀՀԿ-ի հիմնական հույսը Շիրակի մարզում ԱԺ ընտրություններում Վարդան Ղուկասյանն է, որի բացակայության պայմաններում ՀՀԿ-ի ձայները շեշտակի կիջնեն: Նաեւ շրջանառվում են լուրեր, որ ընտրություններից հետո նա նշանակվելու է Շիրակի մարզպետ։ Բացի վերոհիշյալ վարկածից շրջանառվում է նաեւ անձնական թշնամանքի վարկածը... Լուրեր են շրջում, որ քաղաքում կատարված մի շարք սպանություններ ինչ-ինչ առնչություններ ունեն Վարդան Ղուկասյանի շրջապատի հետ։ Ղուկասյանն ուներ խնդիրներ նաեւ Գյումրու որոշ հանրապետականների հետ»։

«Առավոտ»-ի առաջնորդողը, իր դիտարկումները ներկայացնելով Հայաստանի վարչապետի պաշտոնում ՍԵրժ Սարգսյանի հավանական նշանակման շուրջ, ընդգծել է. - «Առաջին հայացքից թվում է, թե Սերժ Սարգսյանը պիտի որ շատ չուրախանա այդ պաշտոնից. վարչապետի դիրքն ավելի խոցելի է, քան պաշտպանության նախարարինը, եւ ենթադրում է ավելի մեծ քաղաքական պատասխանատվություն։ Բայց ուժերի ներկայիս դասավորության պայմաններում վարչապետի որեւէ այլ տրամաբանական թեկնածու չկա, իսկ ընտրություններից գրեթե մեկուկես ամիս առաջ Հանրապետականը եւ ՀՀ նախագահը այլ՝ «ոչ կոնվենցիոնալ» որոշում կայացնել չէին կարող»։

Փաստելով, որ «հանրապետականների, առավել եւս նրանց կողմից առաջադրվող Սերժ Սարգսյանի համար այսօր վարչապետի պաշտոնը միայն ու միայն պատասխանատվության հարց է»` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը փաստել է. - «Նախընտրական շրջանում պաշտպանության նախարարին իր քաղաքական հաշվարկների իրականացման, առավել եւս՝ 2008-ի նախագահական ընտրություններին նախապատրաստվելու տեսանկյունից շատ ավելի դյուրին կլիներ գործել ներկա պարտականությունների շրջագծում եւ պատասխանատվություն չստանձնել մի կառավարության համար, որն ինքը ընդամենը 1,5 ամիս է գլխավորելու։ Դրանից հետո, խորհրդարանական ընտրություններում հանրապետականների հաղթանակի պարագայում, հնարավոր կլինի մտածել ստանձնած պատասխանատվության չափը մեծացնելու մասին»: «Վարչապետ նշանակվելու դեպքում Սերժ Սարգսյանը ստանձնելու է բոլոր այն ուժերին համախմբողի դերը, որոնք ձգտում են պահպանել Հայաստանի ներկա ներքին ու արտաքին քաղաքականության ժառանգորդությունը եւ իր տրամաբանական ավարտին հասցնել Ղարաբաղի հարցի արդարացի լուծման գործը», - եզրակացրել է մեկնաբանը։

«Էլի Ղարաբաղից տղա են բերում» վերնագրի տակ «Հայք» պարբերականը, պնդելով, որ Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում Սերժ Սարգսյանին փոխարինելու է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հավելել է, թե «խոսակցություններ կան, թե պաշտոնանկ է արվելու նաեւ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը եւ նրան փոխարինելու է Լեռնային Ղարաբաղի ոստիկանապետ Արմեն Իսաղուլովը». - «Օհանյանի եւ Իսաղուլովի անունների քննարկումը խայծ է՝ նետված հայ հասարակությանը՝ տեսնելու, թե որքանով են Հայաստանում պատրաստ ղարաբաղյան գեներալներին տեսնել այդ պաշտոններում։ Չի բացառվում, որ զգալով ժողովրդի եւ քաղաքական ուժերի բացասական արձագանքը, Քոչարյան - Սարգսյան զույգը հրաժարվի այդ մտքից»։

«Ժամանակ Երեւան»-ի տեղեկություններով, ապրիլի 15-ին Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը պատրաստվում է մեծ շուքով նշել իր ծննդյան տարեդարձը: Այդ կապակցությամբ նա մտադիր է Հայաստանից Մոսկվա հրավիրել տարբեր քաղաքական գործիչների, մասնավորապես` հրավերներ են ստացել Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Անդրանիկ Մանուկյանը, Երվանդ Զախարյանը եւ Կարեն Կարապետյանը` իրենց տիկնանց հետ: Թերթի աղբյուրի վկայությամբ` ծննդյան արարողությանը մասնակցելու հրավեր է ստացել նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Բոլոր ծախսերը, բնականաբար, հոգալու է Արա Աբրահամյանը», - գրում է «Ժամանակ Երեւան»-ը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG