Մատչելիության հղումներ

Թուրքիայի կառավարության կողմից վերականգնված Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությանը մասնակցած հայաստանյան պատվիրակության ղեկավար, մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանի կարծիքով, հայերն ու թուրքերը «կարիք ունեն երկխոսության եւ փոխադարձ վստահության»:

Երկուշաբթի օրը հրավիրած ասուլիսում, անդրադառնալով հանդիսավոր բացման օրը եկեղեցու մուտքին փակցված թուրքական դրոշին եւ Աթաթուրքի նկարին, Գագիկ Գյուրջյանը ասաց, որ դա բխում է Թուրքիայի օրենքներից:

«Դա ընդունված կարգ է իրենց մոտ: Երբ միջոցառումը ավարտվեց, անմիջապես հավաքեցին այդ նկարները եւ դրոշները», - ասաց նա` հիշեցնելով, որ Իրանում Սուրբ Թադեի հայկական հանրահայտ վանքին, որտեղ ամեն տարի օգոստոսին 5-6 հազար հայեր եռօրյա ուխտագնացություն են կազմակերպում, նույնպես փակցվում են թե Իրանի դրոշը, թե պետության հիմնադիրների նկարները:

«Մենք [հայերն ու թուրքերը] կարիք ունենք երկխոսության եւ փոխադարձ վստահության: Այսօր մենք միմյանց նկատմամբ վստահություն չունենք», - շարունակեց նա: - «Երբ մեր բարեկամ Իրանը իր դրոշը կախում է մեր եկեղեցու վրա, մենք չենք դժգոհում, որովհետեւ վստահություն կա: Բայց երբ Թուրքիայում են կախում այդ դրոշը` ըստ իրենց օրենքի, մենք ըմբոստանում ենք: Այսինքն` անվստահության խնդիր կա: Եվ նույնը կա մեր նկատմամբ նրանց կողմից: Մեզ անհրաժեշտ է ստեղծել երկխոսություն` առայժմ մշակույթի ասպարեզում»:

Փոխնախարարի խոսքերով, մենք պետք է կարողանանք փրկել Թուրքիայում հայ մշակութային ժառանգությունը` անկախ «քաղաքական շահարկումներից», անկախ նրանից, թե ինչ նպատակով կվերականգնվեն հուշարձանները. - «Մենք պիտի փորձենք այդ վերականգնմանը մասնակից լինել»:

Հակադարձելով հարցին, թե արդյո՞ք Սուրբ Խաչ եկեղեցու բացումը միազգային հանրությանն ուղղված PR ակցիա չէ, Գագիկ Գյուրջյանը ասաց. - «Թող իրենք անընդհատ միլիոններ ծախսեն, հուշարձաններ վերականգնեն` թող PR ակցիա անեն»:

Փոխնախարարը վստահություն հայտնեց, որ խաչը Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին անպայման կտեղադրվի:

Հայկական պատվիրակության ուղեւորության ամեկարեւոր արդյունքը Գագիկ Գյուրջյանը համարում է համագործակցության հեռանկարը. - «Մենք ասացինք, որ ուզում ենք համագործակցել: Որեւէ մեկը չառարկեց. հակառակը, նույնիսկ ասացին` համաձայն ենք»:

Թուրքական մամուլում հրապարակումներ են եղել, թե Հայաստանի մշակույթի փոխնախարարը խոստացել է մզկիթ վերականգնել Հայաստանում: Այս կապակցությամբ Գյուրջյանը պարզաբանեց. - «Ոչ թե խոստացել եմ մզկիթ վերականգնել... Հարց եղավ թուրք լրագրողների կողմից` դուք պատրա՞ստ եք Հայաստանում վերականգնել որեւէ մզկիթ: Ես ասացի` մենք պատրաստ ենք երկու դեպքում էլ համագործակցել: Եթե դուք ցանկություն ունենաք այցելել Հայաստան եւ ընտրել այն մզկիթը, որը ուզում եք վերականգնել, համեցեք` միասին վերականգնենք»:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG