Մատչելիության հղումներ

Մատաղիսի գործով լրացուցիչ նախաքննությունը կշարունակի իրականացնել զինդատախազությունը


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը այսօր մերժեց փաստաբան Զարուհի Փոստանջյանի դիմումը, որով նա բողոքարկում էր Գլխավոր դատախազության որոշումը, ըստ որի` Մատաղի սպանության գործով մեղադրված, իսկ հետագայում Վճռաբեկ դատարանի որոշմամբ ազատ արձակված երեք զինծառայողների գործի լրացուցիչ նախաքննությունը կշարունակի վարել զինվորական դատախազությունը:

Գլխավոր դատախազությունը մերժել էր փաստաբան Փոստանջյանի միջնորդությունը զինդատախազությանը բացարկ հայտնելու վերաբերյալ:

2004 թվականի հունվարին զինվորներ Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանության մեղադրանքով ցմահ ազատազրկման դատապարտված զինծառայողներ Մուսա Սերոբյանը, Արայիկ Զալյանը եւ Ռազմիկ Սարգսյանը անցած դեկտեմբերին Վճռաբեկ դատարանի որոշմամբ ազատ էին արձակվել եւ գործն ուղարկվել էր լրացուցիչ քննության:

Փաստաբանի համոզմամբ, զինդատախազության քննիչները չեն կարող անաչառ լրացուցիչ նախաքննություն իրականացնել, քանի որ այդ նույն քննիչներն են ծեծի եւ կտտանքների միջոցով ցուցմունք կորզել Մուսա Սերոբյանից, Արայիկ Զալյանից եւ Ռազմիկ Սարգսյանից:

«Նրանք այն ուղին էր բռնել, որ այս նախաքննությունը տեւի անսահման, եւ այս երիտասարդները հոգնեն այս դատական քաշքշուկներից, գործը փակեն, իսկ իրական հանցագործները մնան դուրսը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Զարուհի Փոստանջյանը` հավելելով, որ այսօրվա վճիռը իրենք անպայման բողոքարկելու են վերաքննիչ եւ, անհրաժեշտության դեպքում, վճռաբեկ ատյաններում:

Մուսա Սերոբյանը, Արայիկ Զալյանը եւ Ռազմիկ Սարգսյանը բազմիցս հայտարարել են, որ ցուցմունքներն իրենցից կորզվել են ծեծի ու կտտանքների միջոցով:

Ռազմիկ Սարգսյանը ասյօր «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, թե ինչ մեթոդներով էին զինվորական դատախազության քննիչները` այդ թվում նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը ցուցմունքներ կորզում իրենցից:

«Առաջին օրը, երբ ինձ բերեցին զինվորական դատախազություն` Գագիկ Ջհանգիրյանի մոտ, ինքն է ինձ ապտակել», - պատմեց Ռազմիկ Սարգսյանը: - «Ծեծի պատճառով ուժ չունեի, որ գլուխս բարձրացնեի, ինքը ստիպում էր, որ իրեն նայեմ խոսելիս, չկարողացա, փխեց: Իր խփածի պատճառով ատամ է կոտրվել, ծնոտս է դուրս ընկել: Ոչ ոք բժշկական օգնություն չի ցուցաբերել»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG