Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 31-ը մարտի)


Անդրադառնալով թիվ 37 ընտրատարածքում իբրեւ պատգամավորության թեկնածու գրանցվելուց հրաժարվելու` «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի որոշմանը, «Չորրորդ իշխանություն» թերթի մեկնաբանը գնահատել է. - «Սա, անկասկած, լավ նվեր էր Սերժ Սարգսյանին՝ ոչ թե այն պատճառով, որ եթե Բաբայանը թեկնածությունը չհաներ, հաղթելու էր, այլ որովհետեւ այդ դեպքում Սերժ Սարգսյանը ստիպված պիտի լիներ շատ կոշտ քայլերի դիմել, եւ անկասկած, դա մեծ աղմուկ կբարձրացներ։ Փաստորեն, Սամվել Բաբայանը նրան հենց այդ աղմուկից փրկեց»: Ապա մեկնաբանը բխեցրել է. - «Թե դրա փոխարեն ինչ կստանա՝ առայժմ դժվար է ասել, բայց որ այս երկուսը հիմա բոլոր նախադրյալներն ունեն իրեր հետ նույն դաշտում խաղալու՝ դա հաստատ է»։

«Առավոտ»-ի առաջնորդողը, ենթադրելով, թե Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Սեյրան Օհանյանի նշանակումը կանխելու նպատակով լրատվամիջոցներում նրա դեմ ուժեղ հակաքարոզչություն է իրականացվում, մանրամասնել է. - «Ըստ Երեւանում շրջանառվող «կոմպրոմատային» DVD-ի, մասնավորապես, Օհանյանը, որպես խորհրդային բանակի սպա, իբր մասնակցել է Գետաշենի բնակչության դեմ իրականացված «Կոլցո» օպերացիային»։ «Լուրեր են շրջանառվում նաեւ այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարար կարող է նշանակվել Սամվել Բաբայանը», - հավելել է թերթը։

«Ընդդիմադիր թեւի կուսակցությունները զբաղված են ոչ այնքան ընտրություններին նախապատրաստությամբ, որքան միմյանց հաճույքով թքոտելով։ Ընդդիմությունը ընդդիմության մասին կամ բացեիբաց վատ է խոսում, կամ էլ վատ խոսում է՝ ակնարկներով», - արձանագրել է «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանն ու կանխատեսել, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում «ընդդիմության հիմնական մրցակիցը լինելու է ոչ թե իշխանությունը, այլ ինքը՝ ընդդիմությունը»։ «Առավել եւս, որ ամենաշատ թվով ձայներ հավաքած ընդդիմադիր կուսակցության առաջնորդը կարող է առաջիկա նախագահական ընտրություններում հավակնել իշխանության թեկնածուի հիմնական մրցակցի դերին», - բխեցրել է մեկնաբանը։

«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը, պատգամավորական ընտրամարաթոնը համեմատելով գեղեցկության մրցույթների հետ, զատորոշել է. - «Ի տարբերություն գեղեցկուհիների, որոնք ջանում են ընդգծել իրենց աչքերի, կրծքերի ու գոտկատեղի տրամագիծը, «միստրները» ջանում են ցույց տալ ժողովրդի ցավերով տապակվող իրենց սրտի լայնությունը (որն, ի դեպ, հակառակ համեմատական է նրանց վզի ու փորի լայնությանը)։ Նրանք համոզում են, որ ունեն Հայաստանը իրոք երկիր դրախտավայր դարձնելու ամենագիտական, ամենաիրատեսական, ամենաարդյունավետ ծրագիրը, համաձայն որի, ժողովուրդն ուղղակի իրենց պիտի ընտրի ու քաշվի մի կողմ։ Մնացածը իրենք կանեն»։

«Հակասահմանադրական» եւ «սենսացիոն» որակելով Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ուրբաթ օրվա որոշումը, որի համաձայն, հուլիսի 1-ից բջջային կապի օպերատորները պարտավոր են կանխավճարային քարտեր գնել ցանկացողների հետ անհատական պայմանագրեր կնքել, «Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանը արձանագրել է. - «Այս որոշման իրական նպատակը մեկն է, որպեսզի ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը մարդկանց հեռախոսները լսելուց հետո հստակ իմանա, թե զրուցող անձինք ովքեր են»։ «Եթե այսպես շարունակվի, հաջորդ քայլը կարող է լինել լինել այն, որ մի օր էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կորոշի, որ բջջային հեռախոս կարող են ունենալ միայն, ասենք, ոստիկանության կողմից թույլտվություն ստացած անձինք։ Հանձնաժողովը կարող է նաեւ որոշել, որ ազգային անվտանգության շահերից ելնելով՝ անհրաժեշտ է ՀՀ բոլոր քաղաքացիների գլխում ինչ-որ «չիպ» դնել, որը կարմիր լույս կվառի բոլոր այն դեպքերում, երբ ինչ-որ մեկի մտքով Հայաստանի ամենալեգիտիմ նախագահի հետ կապված որեւէ քննադատական միտք կծագի։ Մի խոսքով, պատրաստվում են 37 թվականին», - գնահատել-ամփոփել է մեկնաբանը։

«Ժամանակ - Երեւան» թերթի փոխանցմամբ, այն պնդումներին, թե «եթե Ռոբերտ Քոչարյանը դադարի Գագիկ Ծառուկյանին սիրել, ԲՀԿ-ն հօդս կցնդի», Ծառուկյանի մայրը՝ տիկին Ռոզան, հակադարձել է. - «Ռոբերտ Քոչարյանը Գագիկ Ծառուկյանին չի սիրում, Գագիկ Ծառուկյանին սիրում են 400 հազար հոգի ժողովուրդ: Մենք մինչեւ հիմա ոնց եղել ենք, էդպես էլ շարունակելու ենք: Ով ոնց ուզում ա` թող մեզ հավատա, ով չի ուզում հավատա` թող գնա էս ստրկատիրական լծի տակ տրաքի»: Տիկին Ռոզան, որի համար հանրապետության թիվ 1 տղամարդը իր որդին է, «Ժամանակ - Երեւան»-ի թղթակցի այն դիտարկմանը, թե «Ծառուկյանները հարկերը թաքցնում են, հետո դրանով բարեգործություն անում», պատասխանել է. - «Շատ էլ լավ ենք անում, եթե էդքան բանը բաշարում ենք, ուրեմն լավ ենք անում։ Հարկ տամ, որ գնան Մոնտե Կառլոյում խաղա՞... Շատ կներեք, ես տալիս եմ անապահով խավին, մանկապարտեզներին, բուժօգնությանը, պետությանն էլ ինչքան տվել եմ, հերիք ա...»։

Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG