Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ուժի մեջ մտավ օտարերկրյա քաղաքացիներին առեւտրով զբաղվելը արգելող օրենքը


Ռուսաստանում երեկվանից ուժի մեջ մտած օրենքը օտարերկրյա քաղաքացիներին արգելում է տոնավաճառներում, շուկաներում, կրպակներում առեւտրով զբաղվել: Միգրացիոն դաշնային ծառայությունը արդեն կատարել է առաջին ստուգումները:

«Չնայած երեկ կիրակի էր, Միգրացիոն դաշնային ծառայության աշխատակիցները Մոսկվորեցկի շուկայում ստուգումներ են անցկացրել: Հայտնաբերվել են օրենքի խախտմամբ առեւտրով զբաղվող այլ երկրների 4 քաղաքացիներ», - «Ինտերֆաքս»-ին ասել է ծառայության մամուլի քարտուղար Զալինա Ֆիլիմոնովան` միաժամանակ չհստակեցնելով, թե ո՞ր երկրների քաղաքացիներ են օրինախախտները:

Մոսկվայի շուկաներում այսօր զանգվածային ստուգումներ են սկսվելու` առեւտրով զբաղվող ներգաղթյալներին հայտնաբերելու համար. Միգրացիոն դաշնային ծառայությունը մտադիր է ստուգել մոտավորապես 100 օբյեկտ:

Օպերատիվ գործելու համար ծառայությունը նոր մեքենաներ է ստացել, որոնց վրա կարմիր տառերով գրված է` «Միգրացիոն դաշնային ծառայություն»: Նախատեսվում են նաեւ համատեղ գործողություններ ոստիկանության հետ:

Բացի այդ, Մոսկվայի «առավել զգոն» բնակիչները եւս կարող են «պայքարել» առեւտրով զբաղվող օտարերկրացիների դեմ. բացվելու են հեռախոսի «թեժ գծերի» համարներ, որոնցով քաղաքացիները կարող են զանգահարել ու հայտնել իրենց «կասկածելի» թվացող դեպքերի մասին` «այսինչ կրպակի վաճառողը կովկասցու նման է» եւ այլն:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG