Մատչելիության հղումներ

Արամ Կարապետյանը պահանջում է քրեական գործ հարուցել «Իսկական իրավունք»-ի հրապարակման կապակցությամբ


«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` պահանջելով քրեական գործ հարուցել «Իսկական իրավունք» թերթի մարտի 27-ի համարում հրապարակված «$10.000՝ ցուցակ ընդգրկվելու համար» վերտառությամբ անստորագիր հոդվածի կապակցությամբ:

«Այդ նյութում առկա «տեղեկատվությունը» իրականության հետ որեւէ կապ չունի», - հայտարարում է Արամ Կարապետյանը` հոդվածը որակելով «վերջին շրջանում իրենց տխրահռչակ քաղաքական համբավով հայտնի դարձած Հայկ Բաբուխանյանի ու Հովհաննես Գալաջյանի հերթական սադրանքը»:

«Ըստ թերթի, «Նոր ժամանակներ» կուսակցության երկու իբր ղեկավար անձանց բանավոր հայտարարության համաձայն՝ ես կուսակցության ընտրացուցակում մարդկանց ընդգրկելու համար պահանջել եւ ստացել եմ 10 հազար ԱՄՆ դոլար կաշառք», - գրում է Արամ Կարապետյանը:

«Նոր ժամանակներ»-ի նախագահը պահանջում է հարուցել քրեական գործ իր նկատմամբ` կաշառք ստանալու, եւ կաշառք տվողների նկատմամբ, իսկ եթե հոդվածագիրները չներկայացնեն փաստեր, ապա` Բաբուխանյանի, Գալաջյանի, ինչպես նաեւ «ՆԺԿ-ի իբր ղեկավար երկու անձանց նկատմամբ»` քաղաքական գործչին վարկաբեկելու, նրա բարի համբավն արատավորելու, նրա հասցեին ակնհայտ զրպարտություններ տարածելու եւ ընտրությունների անցկացման ընթացքում թեկնածուի, կուսակցության վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG