Մատչելիության հղումներ

«Թրքիշ դեյլի նյուս». «Աղթամարի եկեղեցու հետ կապված պատմությունը նման է «մշակութային ցեղասպանության»


«Թրքիշ դեյլի նյուս»-ը այսօր «Այսպես կոչված «Աքդամար թանգարանը» վերնագրով հոդված է հրապարակել, որի հեղինակը Աղթամար կղզու վերանորոգված Սուրբ Խաչ եկեղեցու բացման հետ կապված պատմությունը նմանեցնում է «մշակութային ցեղասպանության»:

«Այսօր «եկեղեցի - թանգարանի» բացման օրն է, որը մշակույթի նախարարը վերածեց խառնաշփոթի: Ինչ մտադրությամբ էլ որ արված լինի` սա նման է «մշակութային ցեղասպանության», - գրում է հոդվածի հեղինակ Ջենգիզ Չանդարը:

«Նախարարությունը հազարամյա հայկական մայրաքաղաք Անին վերանվանեց «Անը» (ինչը թուրքերեն նշանակում է «հիշողություն»), ինչպես նաեւ հանեց խաչը եւ զանգը Աղթամարի եկեղեցուց, որը նա վերանվանեց «Աքդամար» (ինչը թուրքերեն նշանակում է «սպիտակ երակ»)», - նշում է հոդվածագիրը` շեշտելով. - «Վերանվանելու մոլուցքը, խաչի եւ եկեղեցու զանգի նկատմամբ ցուցաբերված մշակութային եւ կրոնական անհանդուրժողականությունը կարող են աշխարհում ընկալվել որպես «մշակութային ցեղասպանություն», եւ թող ոչ ոք չզարմանա, եթե այդպես էլ լինի»:

«Ո՞վ կհավատա, որ դուք աշխարհիկ եք, կամ որ դուք «հարգում եք բոլոր դավանանքները», կամ որ դուք ներկայացնում եք «քաղաքակրթությունների միասնությունը», - հարց է տալիս հոդվածագիրը` հավելելով. - «Ձեր արածը պարզապես «մշակութային ցեղասպանություն է»:

Ապա նա տեղեկացնում է, որ Հրանտ Դինքը «Ակոս» թերթի` իր ստորագրած վերջին համարի խմբագրականը նվիրել էր Աղթամարի եկեղեցուն` մասնավորապես գրելով. - «Աղթամար կղզու վերականգնված Սուրբ Խաչ հայկական եկեղեցու բացումը վերածվել է կատակերգության... Իսկական կատակերգություն... Իսկական ողբերգություն... [Թուրքական] պետությունը հարավ-արեւելքում հայկական եկեղեցի է վերանորոգում, սակայն միայն մտածում է. - «Ինչպե՞ս կարող եմ սա օգտագործել` աշխարհում քաղաքական շահաբաժիններ ձեռք բերելու համար, ինչպե՞ս կարող եմ վաճառել սա»:

«Հրանտը սպանվեց այդ հոդվածի լույս տեսնելու օրը», - շեշտում է հոդվածագիրը` ամփոփելով. - «Եվ այսօր Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին բացվում է որպես «Աքդամար»: Դրան կհաջորդի «ենթադրյալ ցեղասպանության» եւ «քաղաքակրթությունների միասնության» հռետորաբանությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG