Մատչելիության հղումներ

Վերաբացվեց Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին


Հինգշաբթի օրը Թուրքիայի Աղթամար կղզում վերաբացվեց հայկական Սուրբ Խաչ եկեղեցին. վերանորոգված եկեղեցու կարմիր ժապավենը կտրեցին Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, Թուրքիայի մշակույթի նախարար Աթիլա Քոչը եւ Հայաստանի մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը:

Իր ելույթում Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը ասաց, որ թուրք - հայկական հարաբերություններում այդ քայլը վկայում է թուրքական կողմի «բարի կամքը»:

Նա նաեւ հույս հայտնեց, որ տարվա մեջ գոնե մեկ օր հավատացյալներին հնարավորություն կտրվի աշխարհի ծայրերից այստեղ գալ` աղոթելու:

Թուրքիայի վարչապետ Էրդողանը, չնայած միջազգային մամուլի նախնական տեղեկություններին, չմասնակցեց հանդիսավոր արարողությանը, ըստ որոշ լուրերի` «աշխատանքային լարված գրաֆիկի պատճառով»:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին իրադարձությունների վայրից փոխանցեց Ստամբուլի երկլեզու «Ակոս» թուրքահայ թերթի աշխատակից Արիս Նալջին, 360 մարդ էր մասնակցում հանդիսավոր արարողությանը, որից մոտ 150-ը՝ լրագրողներ, օպերատորներ Ֆրանսիայից, Հայաստանից, այլ երկրներից:

Արիս Նալջիի տպավորությամբ, շատ կարեւոր էր, որ Պոլսո պատրիարքը, Թուրքիայի եւ Հայաստանի մշակույթի պաշտոնյաներն արարողությանը հավասար մակարդակի վրա էին ներկայացված:

Ինչ վերաբերում է Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու հարցին, ապա Աթիլա Քոչը եւ Գագիկ Գյուրջյանը երեկ զրուցել են եւ, ըստ Արիս Նալջիի, պարզ է դարձել, որ «խաչի խնդիրը լուծելի է, միջազգային խումբ է գալու վերականգնման աշխատանքը քննելու համար, նրանք եթե ասեն` պետք է խաչը դրվի, կդրվի»:


Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG