Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյանը չի բացառում «անկանխատեսելի զարգացումները»


«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը չի բացառում Անդրանիկ Մարգարյանի մահից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի «անկանխատեսելի զարգացումները»:

«Վարչապետը կլինի նա, ում կուզի Ռոբերտ Քոչարյանը», - «Ազատություն» ռադիոկայանին հինգշաբթի օրը ասաց Արամ Սարգսյանը` փաստարկելով. - «Իշխանություններն ուզում եմ վերարտադրվել եւ այդ վերարտադրվելու ճանապարհին որեւէ խոչընդոտի առաջ չեն կանգնի: Եվ նշանակվող վարչապետը պիտի վաղը ապահովի նույն կոալիցիայի կամ նախագահի նշած կուսակցությունների մուտքը խորհրդարան: Եվ այդ վարչապետը պիտի իր վրա պատասխանատվություն վերցնի նաեւ, որ այդ մուտքի պայմաններում ինքը պիտի գնա խախտումների»:

Դիտարկմանը, թե վարչապետի ամենահավանական թեկնածուն պաշտպանության նախարար, այժմ արդեն իշխող Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն է, նախկին վարչապետը արձագանքեց. - «Ես չեմ բացառում, որ կարող է եւ Սերժ Սարգյանը չլինել»:

Հայաստանի նախկին վարչապետերից Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը հետեւյալ կարծիքը հայտնեց. - «Եթե վարչապետի պաշտոնը վերապահվելու է Հանրապետական կուսակցությանը, ապա ամենատրամաբանականը կլինի, որ կուսակցության նախագահը, իսկ տվյալ դեպքում, ըստ իրենց կանոնադրության, դա լինելու է Սերժ Սարգսյանը, նա էլ կլինի վարչապետը»:

Իսկ Ազգային ժողովրդավարական միության նախագահ, նորանկախ Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց հետեւյալը. - «Երեւացող ակնհայտը [որպես վարչապետ] դա Սերժ Սարգսյանն է, բայց ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանին դա ձեռնտու է»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG