Մատչելիության հղումներ

Սենատի հանձնաժողովը ընդունեց Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւը


ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը չորեքշաբթի օրը միաձայն ընդունել է Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւը, որում հատուկ մատնանշված է, որ «Ակոս»-ի խմբագրապետը «դատական հետապնդման էր ենթարկվում Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով` հայերի 1915 թվականի կոտորածը ցեղասպանություն որակելու համար»:

Ինչպես նշված է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրությունում, փաստաթուղթը դատապարտում է Հրանտ Դինքի սպանությունը` որպես «փոքրոգության ամոթալի ակտ` կատարված օրենքի եւ արդարադատության նկատմամբ քամահրանքով», եւ արժանին է մատուցում ժողովրդավարական արժեքներին եւ մամուլի ազատությանը Դինքի նվիրվածությանը:

Բանաձեւը կոչ է անում Թուրքիային Քրեական օրենսգրքից հանել 301-րդ հոդվածը, որը սահմանափակում է արտահայտվելու ազատությունը, ինչպես նաեւ` դիվանագիտական, քաղաքական եւ առեւտրական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:

Հանձնաժողովի նախագահ եւ ԱՄՆ-ի նախագահության թեկնածու, դեմոկրատ Ջո Բայդենի ներկայացրած օրինագծի քվեարկությունը հանձնաժողովի մարտի 6-ի նիստում հետաձգվել էր` հանրապետական Ռիչարդ Լուգարի առաջարկով:

Թուրքական կողմը, ինչպես նաեւ ամերիկյան վարչակազմի մի շարք ներկայացուցիչներ, դեմ են արտահայտվել բանաձեւի ընդունմանը, հատկապես` դրանում Հայոց ցեղասպանության հիշատակմանը:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանության ներկայացուցիչ Թուլույ Թանչը, մասնավորապես, ասել է. - «Մենք օգուտ չենք տեսնում նման բանաձեւից»:

Այնուհանդերձ, սենատոր Բայդենը հայտարարել է, թե «պատմական իրադարձությունն ուրանալու պահանջը ամուր հիմք չէ հարաբերությունների համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG