Մատչելիության հղումներ

Վարչապետի աճյունը ամփոփվեց Կոմիտասի անվան պանթեոնում


Չորեքշաբթի օրը հազարավոր մարդիկ մասնակցեցին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորության արարողությունը: Նրա աճյունը ամփոփվեց Կոմիտասի անվան պանթեոնում:

Վաղ առավոտից, չնայած տեղացող անձրեւին ու ձյանը, մայրաքաղաքի Ավան թաղամաս էին շտապում հարյուրավոր մարդիկ` հրաժեշտ տալու վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Ժամը 10:40-ին վարչապետի աճյունը դուրս բերեցին նրա բնակարանից:

Հարյուրից ավելի մեքենաներով եւ մեկ տասնյակից ավելի ավտոբուսներով ուղեկցվող սգո թափորը ուղղություն վերցրեց դեպի կառավարության շենք: Վարչապետի աճյունը նախ տեղափոխում էին դիակառքով, իսկ Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակ հասնելուն պես, աճյունը տեղադրվեց զրահամեքենայի վրա:

Մի քանի րոպե ՀՀԿ գրասենյակի առջեւ կանգ առնելուց հետո, թափորը շարժվեց դեպի կառավարության շենք, որի առջեւ եւս խորհրդանշական կանգառ եղավ:

Այնուհետեւ սգո թափորը` մեծաթիվ մարդկանց ուղեկցությամբ շարժվեց դեպի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, որտեղ եւ կայացավ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին վերջին հրաժեշտի արարողությունը: Մինչ սգո թափորը կհասներ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք, այնտեղ արդեն մարդկանց մեծ բազմություն էր հավաքված:

Թատրոնի շենքում, իրար հաջորդաբար փոխարինելով, վարչապետի աճյունի մոտ պատվո պահակ էին կանգնում Հայաստանի ներկա եւ նախկին պետական ու քաղաքական գործիչները: Արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, կառավարության անդամներ, օտարերկրյա պատվիրակությունների ներկայացուցիչներ:

Հրաժեշտի արարողության ժամանակ կատարվեց հոգեհանգստյան կարգ` Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի գլխավորությամբ:

Բոլոր նրանք, ովքեր այցելել էին վերջին հրաժեշտը տալու վարչապետին, խորը կսկիծով էին խոսում նրա անժամանակ մահվան մասին, իսկ նրա արժանիքների վերաբերյալ գնահատականներում ընդգծվում էր Անդրանիկ Մարգարյանին բնորոշ հանդուրժողականությունը:

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հանգուցյալ վարչապետի կարեւորագույն հատկանիշը բարությունն է համարում. - «Յուրօրինակ մերանի դեր խաղացող քաղաքական գործիչ էր»:

Արշակ Սադոյանի բնորոշմամբ` կորուստը մեծ էր առաջին հերթին ընդդիմության համար. - «Որովհետեւ Անդրանիկ Մարգարյանը իր հասկանալու, գնահատելու ունակություններով կարծես կամուրջ էր ծառայում եւ բավական հեշտությամբ էր կարողանում հարաբերությունները կարգավորել բոլորի հետ»:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Սեյրան Օհանյանի խոսքերով, Անդրանիկ Մարգարյանը «կանգնած է եղել մեր պետականության կերտման ակունքներում ոչ միայն հետխորհրդային ժամանակահատվածում, այլեւ Սովետական միության ժամանակ»:

Անդրանիկ Մարգարյանի մահն անդառնալի կորուստ են համարում նաեւ արվեստի ու գրականության գործիչները: «Անդրանիկ Մարգարյանի ողջ կյանքը բացառիկ եւ եզակի նվիրում էր մեր երկրին», - ասաց Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:

«Մի յուրահատուկ քաղաքական ու պետական գործիչ էր Անդրանիկ Մարգարյանը», - ասաց բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը: - «Երբ խոսելն արգելված էր, Անդրանիկ Մարգարյանը խոսում էր, իսկ երբ խոսելը բոլորի համար դարձավ հնարավոր եւ մատչելի, նա վերջացրեց խոսելը եւ սկսեց գործել»:

«Ես սգում եմ հայ ժողովրդի հետ, ցավում Հայաստանի վարչապետի մահը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:

«Այսօր մեզ համար եւս շատ տխուր օր է», - ասաց ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով տեղակալ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան: - «Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շատ լավ, կառուցողական գործընկեր էր»:

Վերջին հրաժեշտի արարողությունից հետո, վարչապետի աճյունը դուրս բերեցին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքից եւ ձեռքերի վրա տարան մինչեւ Աբովյան փողոց, որտեղից էլ դիակառքով, հազարավոր մարդկանց ուղեկցությամբ, վարչապետի աճյունը տեղափոխվեց Կոմիտասի անվան պանթեոն:

«Անդրանիկ Մարգարյանը մարդկային եզակի առաքինություններով օժտված մարդ էր, անսահման բարի ու հոգատար, համբերատար ու հանդուրժող, համախմբող ու ոգեւորող», - դամբանական խոսքում ասաց Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը: - «Անմնացորդ նվիրումով անտրտունջ այրվում էր` իր շուրջը սփռելով լույս, բարություն եւ խաղաղություն: Իր վերջին` հրաժեշտի հանդիպումն էլ սիրելի ժողովրդի հետ այդպիսին եղավ` որպես բարությամբ ապրելու եւ գործելու յուրահատուկ պատգամ ապրողներիս, բոլոր նրանց, ովքեր երջանկություն են ունեցել իր ուղեկիցը, զինակիցն ու ընկերը լինելու»:

Հայաստանի 10-րդ վարչապետի աճյունը հողին հանձնվեց երկրի օրհներգի հնչյունների ներքո:


Հովհաննես Շողիկյան եւ Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG