Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Սենատը քվեարկել է ամերիկյան զորքերը մինչեւ 2008 թվականի մարտի վերջը Իրաքից դուրս բերելու օգտին:

Երեքշաբթի օրը Սենատը ձայների 50 կողմ եւ 48 դեմ հարաբերակցությամբ մերժել է Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելու համար 2008 թվականի մարտի 31-ը վերջնաժամկետ սահմանող կետը պատերազմական ծախսերի օրինագծից հանելու` հանրապետականների առաջարկը:

Դրանով իսկ, վերջնաժամկետը մնում է օրինագծում, որի քվեարկությունը ամերիկյան Կոնգրեսի վերին պալատում ակնկալվում է այսօր:

Օրինագիծը Իրաքում եւ Աֆղանստանում ամերիկյան զորքերի ֆինանսավորման մասին է, ինչի նպատակով նախատեսվում է հատկացնել 121 միլիարդ դոլար:

Երեկվա քվեարկությունից հետո Սպիտակ տան խոսնակ Դանա Փերինոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը հիասթափված է, որ Սենատը շարունակում է առաջ տանել այդ հարցը, որը օրենք դառնալու հնարավորություն չունի. - «Սա կարող է լրջորեն վտանգել Իրաքում ազատության ու ժողովրդավարության հաստատումը: Սա կքաջալերի մեր թշնամիներին եւ կչեզոքացնի Իրաքի տնտեսությունը զարգացնելու` վարչակազմի ծրագրերը: Եթե այս օրինագիծը ներկայացվի նախագահին, նա վետո կդնի»:

Սակայն Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Չաք Շումերն ասել է, թե այս քվեարկությունը մեծ գործընթացի մի մասն է կազմում, որի նպատակն է համոզել Բուշին` փոխել ԱՄՆ-ի քաղաքականությունը Իրաքում. - «Սա մեկ ճակատամարտ չէ, սա երկարաժամկետ գործընթաց է` համոզելու նախագահին, ճնշում գործադրելու նախագահի վրա` ուղեգիծը փոխելու համար»:

Ըստ մեկնաբանների, մինչ օրս սա Սենատի ամենամեծ մարտահրավերն է` ուղղված Բուշին:

Մարտի 23-ին Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որով Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման վերջնաժամկետ է սահմանված 2008 թվականի օգոստոսի 31-ը:

Այդ քվեարկությունից հետո Ջորջ Բուշը հայտարարել էր, որ ամերիկյան զորքերը ժամանակից շուտ Իրաքից դուրս բերելու` Կոնգրեսի ցանկացած որոշման վրա վետո է դնելու:

Անցած տարվա նոյեմբերին կայացած ընտրությունների արդյունքում Կոնգրեսում մեծամասնություն կազմեցին դեմոկրատները, որոնք քննադատում են Իրաքում Ջորջ Բուշի վարած քաղաքականությունը:



Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG