Մատչելիության հղումներ

Հայաստանը ցանցային պատրաստվածությամբ աշխարհում 96-րդն է


Հայաստանը աշխարհում 122 երկրների մեջ 96-րդ տեղն է գրավում ըստ ցանցային պատրաստվածության համաթվի: Այդ է վկայում «2006 - 2007 թվականների տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային մրցունակության զեկույցը», որի պատրաստմանը մասնակցել է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը` որպես Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) Համաշխարհային մրցունակության ցանցի գործընկեր կազմակերպություն:

Զեկույցի հիմքում ընկած է ցանցային պատրաստվածության համաթիվը, որը ցույց է տալիս երկրների` տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումներին մասնակցելու եւ դրանցից օգտվելու պատրաստվածության աստիճանը, որն էլ նպաստում է մրցունակության բարձրացմանը:

Համաձայն «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի մամլո հաղորդագրության, Հայաստանի համեմատաբար ուժեղ կողմերն են` ընկերությունների մակարդակով նոր տեխնոլոգիաների յուրացման ունակությունը, ԱՄՆ-ում գրանցված գյուտերի կամ հայտնագործությունների պատենտների թիվը մեկ միլիոն բնակչության հաշվով, գիտնականների եւ ճարտարագետների առկայությունը:

Որպես համեմատաբար թույլ կողմեր նշված են արագ ինտերնետային կապի (broadband internet) ամսական վճարը եւ բաժանորդների քանակը, առցանց (online) ծառայությունների առկայությունը, դպրոցներում ինտերնետի մատչելիությունը:

Ցանցային պատրաստվածության համաթվով աշխարհի ամենամրցունակ երկիրը Դանիան է, որին հաջորդում են Շվեդիան եւ Սինգապուրը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG