Մատչելիության հղումներ

Ռոբերտ Գեյթս. «Թուրքիան եւ Միացյալ Նահանգները անհարկի վնասում են իրենց հարաբերությունները»


«Թուրքիան եւ Միացյալ Նահանգները փոխադարձ խայթոցներով անհարկի վնասում են իրենց հարաբերությունները: Նրանք պետք է դադարեցնեն դա», - հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը` երեքշաբթի օրը ելույթ ունենալով Ամերիկայի թուրքական խորհրդում:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ, չնայած Գեյթսը որեւէ օրինակ չի մատնանշել, սակայն «հստակորեն ակնարկում էր» ԱՄՆ-ի Կոնգրեսում շրջանառության մեջ դրված բանաձեւը, որը Օսմանյան Թուրքիային մեղադրում է 20-րդ դարի սկզբին հայերի դեմ ցեղասպանություն գործադրելու համար:

«Մեր երկու պետությունները պետք է ընդդիմանան այն նախաձեռնություններին եւ հռետորաբանությանը, որոնք անհարկի եւ ապակառուցողաբար հակադրում են մեզ միմյանց», - ասել է Գեյթսը` հավելելով. - «Դրանց թվում են ինչպես Միացյալ Նահանգների Կոնգրեսի խորհրդանշական բանաձեւերը, այնպես էլ հակաամերիկյան եւ ծայրահեղական հռետորաբանությունը, որը երբեմն տեղ է գտնում Թուրքիայում մղվող քաղաքական բանավեճերում»:

Թուրք պաշտոնյաները, այդ թվում արտգործնախարար Աբդուլա Գյուլը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Բույուքանիթը, խորհրդարանականներ, վերջին ամիսներին հաջորդաբար այցելում են Վաշինգտոն` ամերիկյան վարչակազմին եւ կոնգրեսականներին հորդորելու կանխել այս տարվա հունվարին Կոնգրեսում ներկայացված Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը:

Երկու շաբաթ առաջ Ռոբերտ Գեյթսը եւ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը նամակներ էին հղել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, Պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Թոմ Լանթոսին (երկուսն էլ` դեմոկրատներ), ինչպես նաեւ Պալատի հանրապետական փոքրամասնության ղեկավար Ջոն Բյոհներին, որում պնդում էին, թե Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը սպառնալիք է ԱՄՆ-ի անվտանգությանը:

Իր երեկվա ելույթում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը նաեւ մտահոգություն է հայտնել հյուսիսային Իրաքի հետ Թուրքիայի սահմանում տիրող իրավիճակի առնչությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG