Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԱԳՆ. «Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում»


«Հայաստանի հետ հարաբերությունները կայուն, դաշինքային բնույթ են կրում: Նա մեր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում, Անկախ պետությունների համագործակցության ինտեգրման միջուկի մասնիկներից մեկը», - ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում, որը տեղադրվել է երկրի արտգործնախարարության կայքէջում:

«Կաշխատենք թուլացնել Հայաստանի տնտեսական շրջափակումը, զարգացնել էներգետիկ համագործակցությունը, ավելի բարձր մակարդակի հասցնել տարածաշրջանում երկու երկրների արտաքին քաղաքականության համակարգումը եւ ամրապնդել հումանիտար համագործակցությունը», - նշված է փաստաթղթում:

Ադրբեջանը, ըստ հայեցակարգի, «առաջիկայում եւ երկարատեւ հեռանկարում Ռուսաստանի համար ռազմավարական կարեւոր գործընկեր է». - «Մեր հարաբերություններում հաստատված հարգալից տոնը, վստահության մթնոլորտն ու իրավահավասարությունը իրենց արդարացրել են. Ադրբեջանի ղեկավարությունը ձգտում է շարունակել Ռուսաստանին մոտենալու քաղաքականությունը»:

Վրաստանի մասին փաստաթղթում ասված է. - «Վրաստանի քաղաքական իշխանությունը` Միխեիլ Սահակաշվիլիի գլխավորությամբ, կառուցված է էթնիկ ազգայնականության վրա եւ վայելում է մի շարք արեւմտյան երկրների, առաջին հերթին` ԱՄՆ-ի աջակցությունը: Թբիլիսին տանում է գոյություն ունեցող խաղաղապահ եւ բանակցային ֆորմատների չեզոքացում, արդյունքում` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի շուրջ իրավիճակը բարդանում է: Վրաստանը ձգտում է այդ խնդիրների նկատմամբ բարձրացնել միջազգային հանրության ուշադրությունը, ներգրավել եվրատլանտյան կառույցներին եւ այդպիսով հակամարտությունները կարգավորել իր պայմաններով, այն է` Աբխազիան եւ Հարավային Օսիան միասնական Վրաստանի մաս կազմեն»:

Համաձայն փաստաթղթի, Վրաստանի հակամարտությունների ֆոնի վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը նվազ սուր հարց է, իսկ ներկայումս տարվող քաղաքականությունը, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում պաշտոնական Բաքվի եւ Երեւանի միջեւ ուղղակի բանակցություններին նպաստելը համարվում է օպտիմալ քաղաքականություն:

«Անդրկովկասյան տարածաշրջանը առանցքային նշանակություն ունի Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը եւ ազգային անվտանգությունը ապահովելու առումով: Տարածաշրջանի իրավիճակը մնում է լարված, իսկ Վրաստանի դեպքում` պայթյունավտանգ: Առկա «սառեցված հակամարտությունները» տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի կողմից օգտագործվում են տարածաշրջանում իրենց ազդեցությունը ուժեղացնելու նպատակով` ի վնաս մեր դիրքերի», - ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը ներկայացնող փաստաթղթում:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG