Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Տարեգիր»-ի փոխանցմամբ, «վարչապետի մահը կարող է ուժերի հակակշիռ առաջացնել ոչ միայն ՀՀԿ-ի գաղափարական եւ կրիմինալ հատվածի միջեւ, այլեւ ՀՀԿ - ԲՀԿ հարաբերություններում»: «Այստեղ ուժերի հարաբերակցությունը կլինի ԲՀԿ-ի օգտին, որովհետեւ անկախ ամեն ինչից, Անդրանիկ Մարգարյանը որոշակի համակրանք հասարակության մեջ վայելում էր, եւ ՀՀԿ-ի օգտին հնարավոր «օբյեկտիվ» ձայները նկատելիորեն կնվազեն», - գրում է թերթը:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, թե խոսակցություններն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Սեյրան Օհանյանը կարող է նշանակվել Հայաստանի պաշտպանության նախարար, ավելի են ակտիվանում: «Ընդ որում, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Օհանյանի նշանակվելու մասին ԼՂՀ-ում սկսել են խոսել մինչեւ Անդրանիկ Մարգարյանի մահը», - գրում է թերթը եւ հավելում. - «Ըստ մեր տեղեկությունների, Օհանյանին ասել են, որ պաշտպանության նախարարության համակարգում մի քանի պաշտոն կա, որոնցից մեկը նա հաստատ կստանա, եւ պաշտպանության նախարարի պաշտոնը դրանցից ամենահավանականն է»:

«Հայք» թերթի վերլուծաբանը, կանխատեսելով առաջիկա քաղաքական զարգացումները, առանձնացրել է. - «Անդրանիկ Մարգարյանի մահից հետո, փաստորեն, որոշակի առումով խախտվում է իշխանական ճամբարում գծագրված սցենարը, եւ որոշ զարգացումներ տեղի կունենան ժամկետից շուտ։ Ենթադրվում էր, որ Ազգային ժողովի ընտրություններից հետո, մինչեւ 2008 թվականի նախագահի ընտրությունները, Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու է Սերժ Սարգսյանը։ Անդրանիկ Մարգարյանի մահը արագացրեց նրա նշանակումը: Սերժ Սարգսյանը, որը ցանկանում էր դառնալ նախագահ, այլեւս ամեն ինչ անելու է իր ղեկավարած կուսակցության համար մեծամասնություն ապահովելու համար։ ՀՀԿ-ն ստիպված է լինելու կեղծել անհամեմատ շատ, քան նախատեսված էր, սակայն ակնհայտ է, որ ոչ ոք թույլ չի տալու ՀՀԿ-ին կեղծել նախատեսվածից շատ, քանի որ այդ ամենի հետեւանքով առաջին հերթին կորցնելու են իշխանական թեւի մյուս կուսկցությունները, առաջին հերթին` Քոչարյանի հենարանը հանդիսացող ԲՀԿ-ն»:

Նույն թեմային անդրադառնալով` «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը, իր հերթին, պնդել է. - «Կարելի է վստահաբար ասել, որ Անդրանիկ Մարգարյանի մահվանից հետո իսկական հանրապետականները քչանալու են, իսկ «գործավորների» դերակատարությունը մեծանալու է։ Հուսանք, որ իսկական ՀՀԿ-ականները կմնան համամասնական ցուցակում, բայց այստեղ արդեն իսկ մեծամասնություն են կազմում պատեհապաշտները, նրանք, ովքեր ՀՀԿ են մտել Սերժ Սարգսյանի հրամանով։ Իսկ ընտրազանգվածի տեսակետից այս նոր իրավիճակը կբերի նրան, որ կքչանան կուսակցության անկեղծ կողմնակիցները։ Կմնան պետական հիմնարկների աշխատողները, որոնց կաշառակեր ղեկավարները կախում ունեն իշխանությունից եւ ստիպում են քվեարկել եւ նույնիսկ կեղծել հօգուտ Հանրապետականի։ Նրանց համար կուսակցությունը գործիք է»:

«Տեր-Պետրոսյանի անվերջ վերադարձը» վերնագրի տակ «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը արձանագրել է. - «Տեր-Պետրոսյանի անունից ՀՀՇ-ի ղեկավարների վերջին հայտարարությունները վկայում են, որ նախկին նախագահը մտադիր է այս կամ այն կերպ մասնակցել 2008 թվականի նախագահական ընտրություններին։ Տեր-Պետրոսյանի ակտիվացման հեռանկարը կարող է ձեռնտու լինել այն արտաքին ուժերին, որոնք այսօրվանից արդեն որոշակի քայլեր են ձեռնարկում՝ փորձելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը վերածել յուրահատուկ «ծուղակի»՝ գործող իշխանության համար: Ղարաբաղի հարցի վերաբերյալ վերջին շրջանի ամերիկյան մի շարք զեկույցներում ու հայտարարություններում հայտնվող ձեւակերպումները վկայում են, որ Հայաստանի վրա նման «ազդեցության լծակի» գործադրման փորձերը առաջիկայում եւս չեն բացառվում։ Բնական է, որ նման պարագայում փորձառու խաղացող Լեւոն Տեր-Պետրոսյանը չի կարող չակտիվանալ՝ հարկ եղած պահին իր «լռության ուխտը» խախտելու հեռանկարով։ Այլ բան է, որ այդ խոսքը նախկին նախագահի «վերջին փամփուշտն» է, որը նա հենց այնպես չի կրակի»։ «Իսկ ահա ՀՀՇ-ի համար դա ուղղակի փրկության պատրանքային հնարավորություն է, քանի որ ՀՀՇ կոչվող իրական քաղաքական ուժ Հայաստանում այլեւս չկա», - եզրակացրել է մեկնաբանը։

«Ամեն տեղ միայն փողով» վերնագրի տակ «Հայկական ժամանակ» թերթը փոխանցել է. - «Երեկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հոգեհանգստին իր թիկնազորով ժամանած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն արեց մի բան, որը նույնիսկ այս պայմաններում թերեւս շատերի համար անսպասելի լինի: Վարչապետի տնից դուրս գալուց հետո, երբ պարոն Ծառուկյանն իր թիկնազորի ուղեկցությամբ գնում էր դեպի իր մեքենան, մոտեցան մի քանի մարդիկ եւ դիմեցին նրան: Այդ պահին Ծառուկյանը գրպանից հանեց դոլարների մի կապ ու փոխանցեց թիկնապահներից մեկին: Վերջինս էլ սկսեց դոլարները բաժանել արտաքինից անապահով տեսք ունեցող այդ մարդկանց»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG