Մատչելիության հղումներ

Այսօր նշվող Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանում նախատեսված միջոցառումները չեն անցկացվի` վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ: Հանգուցյալ վարչապետը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանի խոսքերով` իրենց համար յուրային էր:

«Միշտ այնպիսի տպավորություն է եղել, որ Անդրանիկ Մարգարյանը կամ Թատերական գործիչների միության անդամ է, կամ Գրողների միության անդամ է... կամ որեւէ թատրոնի կոլեկտիվի անդամ», - «Ազատություն» ռադիոկայանին երեքշաբթի օրը ասաց Ղազանչյանը: - «Թող ներեն ինձ, բայց ես նրա մասին «դու»-ով եմ ուզում խոսել, որովհետեւ նա մեզ մոտ ու մտերիմ, բարեկամ մարդ էր»:

Գրեթե բոլոր թատրոններն ու թատերախմբերը երբեք մերժում չեն ստացել, երբ դիմել են Անդրանիկ Մարգարյանին` ներկայացումներ բեմադրելու, հյուրախաղեր կազմակերպելու համար, վերանորոգման կամ այլ խնդիրների հետ կապված ֆինանսավորման խնդրանքով:

«Հիմա այնպիսի թատրոն չկա, որտեղ Անդրանիկ Մարգարյանի հովանավորությամբ 3-4, նույնիսկ ավելի բեմադրություն չգնա», - շարունակեց Ղազանչյանը: - «Շատ-շատ էր օգնում թատրոններին: Ամեն ինչով հայ մարդ էր... Շատ եմ ցավում: Մինչեւ ե՞րբ պետք է մենք գերեզմանները հարստացնենք ու մենք աղքատանանք»:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG