Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«168 ժամ»-ը «Չհասցրեց մեկնել Ֆրանսիա» խորագրի ներքո գրում է. - «Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պետք է մեկներ Ֆրանսիա` հերթական պրոֆիլակտիկ բուժօգնությունը ստանալու նպատակով: Օրեր առաջ Հայաստան էին ժամանել նրա բժիշկները եւ Մարգարյանի հետ միասին պետք է այսօր վերադառնային Ֆրանսիա: Ամեն ինչ, թերեւս, այլ կերպ ավարտվեր, եթե Անդրանիկ Մարգարյանը երկու օրով հետաձգեր կուսակցության, կառավարության եւ երկրին առնչվող մյուս գործերը»:

Իբրեւ «անժամանակ ու ցավալի կորուստ» գնահատելով վարչապետ Մարգարյանի մահը` «Հայոց Աշխարհ» թերթի խմբագրականն այսօր արձանագրել է. - «Լինելով «փափուկ ուժի» քաղաքականության կողմնակից` վարչապետը միաձուլեց իշխանությունը նրան աջակցող քաղաքական ուժերի հետ եւ միաժամանակ դարձավ իշխանություն - ընդդիմություն հակասությունները մեղմող եւ ընդհանուր եզրեր գտնող քաղաքական գործիչը։ Նա կարողանում էր շատ ավելի արդյունավետ լուծել այն նույն խնդիրները, որոնք այլոց անզիջում-ցուցադրական համառության պատճառով դառնում էին ավելորդ քաղաքական պայքարի ու դիմակայության առարկա ու տարիներով չէին շարժվում իրենց տեղից: Անդրանիկ Մարգարյանի կորուստն այսօր սգում են քաղաքական դաշտի բոլոր՝ ե՛ւ իշխանամետ, ե՛ւ ընդդիմադիր բեւեռներում։ Այս փաստը դառնում է վկայությունն այն իրողության, որ պետական լուրջ ու հավասարակշռված գործիչ ենք կորցրել»։

«Ընդհանուր առմամբ Մարգարյանը պատկանում էր այն մարդկանց թվին, ովքեր իշխանության մեջ տեղավորված լինելով՝ ներքուստ բոլորովին այլ բան էին մտածում տեղի ունեցող պրոցեսների մասին, եւ որոշակի պայմանների դեպքում այդ մտածմունքները կարող էին դուրս հորդել, ինչը մի քանի անգամ տեղի է ունեցել վարչապետի հարցազրույցներում», - իր հերթին փաստել է այսօր «Հայկական ժամանակ»-ի խմբագրականն ու բնորոշել. - «Անդրանիկ Մարգարյանը որպես անձ բավականին համակրելի կերպար էր եւ իշխանական էլիտայից առանձնանում էր նենգության բացակայությամբ։ Եվ անկախ նրա քաղաքական գործունեության գնահատականներից, պետք է արձանագրել, որ Անդրանիկ Մարգարյանի մահը իսկապես ցավալի իրադարձություն է»։

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրն իր հերթին առանձնացրել է. - «Չեմ հիշում որեւէ դեպք, որ Անդրանիկ Մարգարյանը «մուննաթ գար» որեւէ, թեկուզ եւ ոչ այնքան խելամիտ հարցի վրա, կոպտեր, վիրավորեր, խտրականություն դներ «ընդդիմադիր» եւ «իշխանամետ» լրագրողների միջեւ, փորձեր խուսափել որեւէ հարցից։ Բացառված է, որ վարչապետը իր առանձնասենյակ հարցազրույցի հրավիրեր միայն «ամենապատասխանատու» լրագրողներին, որոնք իրեն հարմար հարցեր տային ու չհամարձակվեին հակաճառել: Չեմ հիշում նաեւ որեւէ դեպք, երբ Անդրանիկ Մարգարյանը թույնով, ատելությամբ կամ պարզապես անհարգալից արտահայտություններով խոսեր ընդդիմադիր որեւէ գործչի մասին»։

«Հեռացավ ժողովրդի մարդը» վերնագրի տակ «Ազգ» թերթի գլխավոր խմբագիրը փոխանցել է. - «Նրա մահով արագանում են գործընթացները, գուցեեւ բացվում են որոշ խաղաքարտեր, որոնք ավելի ուշ էին բացվելու կամ բնավ չէին խաղարկվելու: Համենայնդեպս, նրա բացակայությամբ իշխանության վերին օղակներում խարդավանքի տարրերն ավելանում են՝ սպառնալով վտանգել ներքին քաղաքական կայունությունը: Քաղաքականությունը չի սիրում նման իրավիճակ: Օրենքն ու անհրաժեշտությունն արագ կլցնեն այն: Կգա նոր վարչապետ, որն իր որակներով կլինի տարբեր: Գուցե կազմակերպչական կարողություններով ավելի բարձր, ավելի հնարամիտ եւ հմուտ: Սակայն ժողովրդի մարդու կերպարը Հայաստանի իշխանական վերին ոլորտներում դեռ երկար կմնա փնտրված»:

«Իրավունք» թերթի մեկնաբանը, այսօր իր դիտարկումները փոխանցելով նոր վարչապետի նշանակմանն առնչվող կուլիսային զարգացումների վերաբերյալ, շարադրել է. - «Նույն կիրակի երեկոյան ՀՀԿ կուլիսներում արդեն քննարկվում էր ապագա վարչապետի «ով» լինելու հարցը. պարզապես, այդ մասին ՀՀԿ-ում չէին ցանկանում բարձրաձայնել։ Գործընթացը, ընդհանուր առմամբ, անցել է մի քանի փուլ. Սերժ Սարգսյանն ինքնաթիռից իջնելուց անմիջապես հետո եկել էր ոչ թե ՀՀԿ գրասենյակ, այլ՝ մեկնել նախագահի մոտ»։ Ըստ թերթի լավատեղյակ աղբյուրների` «նախագահականի կողմից արդեն իսկ քննարկման է դրված եղել Դավիթ Հարությունյանի թեկնածությունը», իսկ «ՀՀԿ թեւից քննարկվել են Հովիկ Աբրահամյանի, Կարեն Կարապետյանի եւ, իհարկե, Սերժ Սարգսյանի թեկնածությունները։ «Երբ Սերժ Սարգսյանն արդեն ՀՀԿ գրասենյակում էր, նրա քայլվածքից հասկանալի էր որ նա կամ հարցերն արդեն լուծել է, կամ անելու է ամեն ինչ, որ լուծի», փոխանցել է մեկնաբանը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG