Մատչելիության հղումներ

Իրանի նախագահի համար անընդունելի են ՄԱԿ-ի պատժամիջոցները


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը անընդունելի է համարել ՄԱԿ-ի նոր պատժամիջոցները` դրանք որակելով «ապօրինի»: Այս մասին հաղորդել է IRNA գործակալությունը:

CNN-ի փոխանցմամբ, ֆրանսիական «2-րդ ալիք» հեռուստացանցին տված հարցազրույցում Ահմադինեջադը զգուշացրել է, թե «Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն հետամուտ լինող երկրներն իրենք են ավելի մեծ վնաս կրելու»:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ 15 պետությունները շաբաթ օրը միաձայն բանաձեւ ընդունեցին, որով նոր պատժամիջոցներ են սահմանվում Իրանի նկատմամբ, քանի որ այդ երկիրը հրաժարվում է դադարեցնել ուրանի հարստացման իր ծրագրերը:

Մահմուդ Ահմադինեջադը ֆրանսիացի լրագրողին հայտարարել է, թե միջուկային բնագավառում իր երկրի գործունեությունը օրինական է` «հիմնված երկրի օրինական եւ անքակտելի իրավունքների վրա», եւ ծրագիրը շարունակվելու է`«առանց տատանվելու»:

ԱՄՆ-ը եւ արեւմտյան այլ պետություններ կասկածներ ունեն, թե Իրանը ձգտում է միջուկային զենք ձեռք բերել:

Իրանը հետեւողականորեն հերքում է այդ մեղադրանքները` պնդելով, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներով է զարգացնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG