Մատչելիության հղումներ

Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընդունել է կառավարության հրաժարականը` կապված վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան հետ:

Կառավարության այսօր հրավիրված արտահերթ նիստը նախագահել է Ռոբերտ Քոչարյանը:

Կառավարությունը մեկ րոպե լռությամբ հարգել է մարտի 25-ին կյանքի 56-րդ տարում հանկարծամահ եղած վարչապետի հիշատակը:

«Մենք կորցրել ենք պետական գործիչ, գործընկեր, ընկեր, որը 15 ու կես տարվա մեր Անկախության պատմության մեջ մոտ 7 տարի գլխավորել է կառավարությունը, եւ այդ 7 տարիները մեր պետության լավագույն տարիներն են: Մի մարդ, որը զբաղեցնելով այդ բարձր պետական պաշտոնը՝ եղել եւ մնացել է համեստ, հանդուրժողական եւ պարկեշտ», - ասել է նախագահ Քոչարյանը: - «Բոլորիս հիշողության մեջ Անդրանիկ Մարգարյանը մնալու է հենց այդպիսին՝ առաջին հերթին իր մարդկային որակներով»:

«Անդրանիկ Մարգարյանը հեռացավ մեզանից շատ պատասխանատու պահի, եւ մենք, իբրեւ իշխանություն, պետք է տանք ճիշտ լուծումներ՝ ներկա վիճակից դուրս գալու համար», - շեշտել է Ռոբերտ Քոչարյանը:

Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն` երկրի նախագահը ընդունել է կառավարության հրաժարականը:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախագահը հանձնարարել է հրաժարական տված կառավարության անդամներին՝ շարունակել աշխատանքը մինչեւ նոր կառավարության ձեւավորումը:

Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է, որ կառավարության գործունեության տարեկան միջոցառումների ծրագրի շրջանակներում նախարարությունները եւ գերատեսչությունները բավականին անելիքներ ունեն, եւ այն պահանջը, որ կար այդ ծրագրի իրագործման հարցում, մնալու է նույնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG