Մատչելիության հղումներ

Եվրամիության հատուկ ներկայացուցիչը հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ


Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին ուրբաթ օրը Երեւանում հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ:

Հանդիպումից հետո Սեմնեբին լրագրողներին ասաց, թե բանակցություններ տեղի չեն ունեցել` «պարզապես մտքեր են փոխանակել կարգավորման գործընթացի շուրջ»:

«Ես չեմ կարծում, որ խնդիրը կարելի է լուծել մայիսի 12-ի ընտրություններից առաջ, բայց ես հույս ունեմ, որ բանակցային գործընթացը կրկին կակտիվանա», - «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց Սեմնեբին:

Խոսելով խորհրդարանական ընտրությունների մասին` Եվրամիության հատուկ ներկայացուցիչը ասաց. - «Քանի որ դա առաջին ընտրությունն է Հայաստանում Եվրամիության հետ Գործողությունների ծրագրի ստորագրումից հետո, դա կլինի մեր հարաբերությունների որակի փորձարկումը»:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը հանդիպումից հետ լրագրողներին ասաց. - «Չկա այսօր, դժբախտաբար, փոխվստահության մթնոլորտ... Ես համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը հնարավոր է լուծել միայն ու միայն փոխվստահության մթնոլորտում»:

Հարցին, թե որ խնդիրների շուրջ է, որ չի հաջողվում պայմանավորվածության հասնել, Ղուկասյանը պատասխանեց. - «Չեն կարողանում պայմանավորվել ո'չ կարգավիճակի հարցում, ո'չ ռեֆերենդումի հարցում, ո'չ էլ տարածքների հարցում»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG