Մատչելիության հղումներ

Բիլ Գեյթսը վերջապես Հարվարդի համալսարանի դիպլոմ կստանա


Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը, որը Հարվարդի համալսարանում ուսումը թողել էր 1975 թվականին, այս տարի կստանա այդ հեղինակավոր բուհի ավարտական դիպլոմ: Նման որոշում է ընդունել Հարվարդի համալսարանի ղեկավարությունը` նշելու համար համակարգչային կայսրության ստեղծողի եւ աշխարհի ամենահարուստ մարդու վաստակը:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, 52-ամյա Գեյթսը դիպլոմը կստանա հունիսին: Ակնկալվում է, որ նա ելույթ կունենա բուհի շրջանավարտների առջեւ:

Ավարտական հանդիսության շրջանակներում անցկացվելու է նաեւ համալսարանի 1977 թվականի շրջանավարտների հանդիպում, որոնց հետ Գեյթսը սկսել էր իր ուսումը Հարվարդում:

Բիլ Գեյթսը 13 տարեկանից տարվել է ծրագրավորմամբ: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվելով Հարվարդի համալսարան` նա երկու տարի անց թողել է ուսումը, որպեսզի իր մանկության ընկեր Փոլ Ալենի հետ համատեղ ստեղծի Microsoft ընկերությունը:

31 տարեկանում Բիլ Գեյթսը արդեն միլիարդատեր էր: Վերջին տարիներին նա անփոփոխ գլխավորում է աշխարհի մեծահարուստների ցուցակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG