Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության բանաձեւի եւ Դարֆուրի ցեղասպանության հարցերով երկօրյա ակցիա` Կոնգրեսի շենքում


Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը եւ Վաշինգտոնում գործող Genocide Intervention Network կազմակերպությունը երկօրյա ակցիա են նախաձեռնել Միացյալ Նահանգների մայրաքաղաքում, որի շրջանակներում մի խումբ հայեր եւ ոչ հայեր Կոնգրեսի շենքում լոբբիստական աշխատանքներ են տանում Հայոց ցեղասպանության բանաձեւի եւ Դարֆուրի ցեղասպանության հարցերով:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը, երեկ առավոտից հարյուրից ավելի մարդ սկսել են հանդիպումները կոնգրեսականների գրասենյակներում:

«Գաղափարը հետեւյալն է` այս երկու օրվա ընթացքում այցելել յուրաքանչյուր կոնգրեսականի` Ներկայացուցիչների պալատի 435 եւ Սենատի 100 անդամների, գրասենյակ եւ կոչ ուղղել, որպեսզի Հայոց ցեղասպանության բանաձեւը ընդունվի թե Պալատում եւ թե Սենատում, ինչպես նաեւ կրճատվեն այնպիսի ներդրումները Սուդանում, որոնք կնպաստեին կամ կօժանդակեին ներկայումս Դարֆուրում շարունակվող ցեղասպանությանը», - պարզաբանեց Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչը:

Հարցին, թե ինչո՞ւ միջոցառումը նախաձեռնվել է հենց այս օրերին, Էլիզաբեթ Չուլջյանը պատասխանեց, որ թեեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը թե Ներկայացուցիչների պալատում եւ թե Սենատում բավական մեծ զորակցություն է վայելում` այսօրվա դրությամբ այն պաշտպանում են Պալատի 182 եւ Սենատի 26 անդամներ, իրենք ցանկանում են այդ թիվը մեծացնել, մասնավորապես, Պալատում այն հասցնել 218-ի:

«Եվ եթե հիմա` մարտին, կարողանանք մեր աշխատանքը ճիշտ տանել, կմեծանա հավանականությունը, որ Կոնգրեսն ավելի արագ այս հարցը ընդգրկի իր օրակարգում եւ շիտակ քվեարկություն տեսնենք», - ամփոփեց Հայ դատի գրասենյակի մամուլի պատասխանատուն:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG