Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանյան պատվիրակությունը կմասնակցի Աղթամարի եկեղեցու բացման արարողությանը


Ինչպես այսօր Երեւանում տեղի ունեցած ասուլիսում տեղեկացրել է նախարարության խոսնակ Գայանե Դուրգարյանը, պատվիրակությունը գլխավորելու է փոխնախարար Գագիկ Գյուրջյանը:

Ավելի վաղ թուրքական մամուլը հաղորդել էր, թե Վանի նահանգապետը հրավեր էր ուղարկել Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, սակայն պատասխան չէր ստացել:

Գյուրջանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ առայժմ ճշտված չէ, թե ինչ ճանապարհով է պատվիրակությունը հասնելու Վան: Նրա խոսքերով, հստակ չէ նաեւ վերանորոգված եկեղեցու գմբեթին խաչի տեղադրման խնդիրը:

Միաժամանակ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասում մշակութային ժառանգության հարցերով զեկուցող Էդի Օ'Հարան ողջունել է Թուրքիայի հայտարարությունը Աղթամար կղզու վերանորոգված Սուրբ Խաչ եկեղեցու բացման վերաբերյալ:

«Թուրքական կառավարության, Հայ եկեղեցու ղեկավարության, թուրքական եւ միջազգային համալսարանների փորձագետների եւ վերանորոգումն իրականացրած տեղի գործընկերների աշխատանքը ցայտուն օրինակ է առ այն, թե ինչպես համագործակցությունը կարող է փրկել այս տարածաշրջանի հարուստ մշակութային ժառանգությունը», - հայտարարել է Օ'Հարան: - «Այժմ պետք է աշխատել դեպի եկեղեցի հասանելիությունն ապահովելու, նրա շրջակայքի եւ վերականգնված եկեղեցու օգտագործման հարցերի շուրջ»:

Հայաստանում Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակը նշում է նաեւ, որ Օ'Հարան ճանաչողական այց է կատարելու Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան` մշակութային ժառանգությունը հակամարտություններից տարանջատելու ուղիներ փնտրելու եւ դրա պաշտպանության ընդհանուր ռազմավարություն մշակելու նպատակով:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG