Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) գալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ավելի շատ փորձագետներ է գործուղելու Հայաստան, քան նախորդ ընտրությունների ժամանակ: Առաքելության ղեկավար, դեսպան Բորիս Ֆռլեցը (Սլովենիայից) այսօր լրագրողների ասաց, որ 13 փորձագետներ արդեն Հայաստանում են` հավելելով, որ այս շաբաթ կժամանեն նաեւ 29 երկարաժամկետ դիտորդները:

Նախորդ խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետեւում էին 28 երկարաժամկետ դիտորդներ: Կարճաժամկետ դիտորդները նույնպես ավելի շատ կլինեն` 300-ը (նախորդ ընտրություններում 250 կարճաժամկետ դիտորդ էր ժամանել):

Սլովենացի դիվանագետը ասաց, որ առաքելության աշխատակիցները արդեն սկսել են իրենց աշխատանքները: Նրա փոխանցմամբ, իրենք հետեւելու են, թե որքանով են մինչեւ պաշտոնական քարոզարշավի սկսվելը ծավալվող գործընթացները, բուն քարոզարշավը, քվեարկությունը եւ հետընտրական գործընթացները համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին, Հայաստանի ստանձնած պարտավորություններին եւ Հայաստանի օրենսդրությանը:

Ֆռլեցը ասաց, որ վերջերս փոփոխված Ընտրական օրենսգիրքը հնարավորություն տալիս է անցկացնել ժողովրդավարական ընտրություններ. - «Սակայն, իշխանությունների համար մարտահրավեր է լինելու կիրառել օրենսգիրքը: Այսինքն` քաղաքական կամք դրսեւորել»:

«Դժբախտաբար, հայաստանյան ընտրությունները մինչ օրս, միջազգային կառույցների գնահատմամբ, չեն համապատասխանել ժողովրդավարության չափանիշներին», - ասաց նա` հույս հայտնելով, որ առաջիկա ընտրություններում նշանակալի առաջընթաց կարձանագրվի:

Դիտորդները, Ֆռլեցի փոխանցմամբ, արդեն հանդիպումներ ունեցել են քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Նախատեսում են հանդիպումներ «բոլոր նրանց հետ, ովքեր կարող են ամբողջական պատկեր տալ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG