Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Արդար ընտրությունները այսօր մեզ պետք են հացի եւ ջրի նման»


Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունները, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի բնորոշմամբ` «քննություն են լինելու Հայաստանի համար, որը հաջողությամբ չհանձնելու դեպքում հետեւանքները շատ վատ կլինեն»:

«Արդար ընտրությունները այսօր մեզ պետք են հացի եւ ջրի նման, որպեսզի մենք կարողանանք մեր հաջորդ տասնամյակն էլ ճիշտ տնօրինել, օրինական տնօրինել», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց Օսկանյանը: - «Ես չեմ ուզում ասել, որ Մարդու իրավունքների այդ զեկույցում մի տողը միտումնավոր է եղել մեզ խայթելու համար: Ոչ: Բայց կարող են լինել այդպիսի դեպքեր, որ մեզ այնպիսի ձեւով խայթեն, որ մենք չկարողանանք իսկապես տակից դուրս գալ` եթե մենք չկարողանանք նորմալ ընտրություններ անցկացնել»:

Միացյալ Նահանգների Պետքարտուղարության Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված վերջին զեկույցում ասված էր, թե «Հայաստանը շարունակում է օկուպացված պահել Լեռնային Ղարաբաղի եւ դրան հարող 7 շրջանների ադրբեջանական տարածքը»:

«Նորից եմ վերահաստատում, որ Պետդեպարտամենտը ընդունել է մեր քննարկումների ընթացքում, որ դա ակնհայտ սխալ է եղել իրենց կողմից, եւ կփորձեն, եթե հնարավոր լինի բյուրոկրատական խոչընդոտները հաղթահարել, այդ ուղղումը մտցնել այդ փաստաթղթի մեջ», - հավելեց Վարդան Օսկանյանը:

Ժնեւյան հանդիպումից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Վարդան Օսկանյանը հայտարարել էր, թե հերթական բանակցություններն Էլմար Մամեդյարովի հետ բավական դժվար են ընթացել եւ առաջընթաց չի արձանագրվել: Պատասխանելով հարցին, թե այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող Գորան Լենմարկերի լավատեսությունը, թե հակամարտության կարգավորման շուրջ փաստաթուղթը կստորագրվի խորհրդարանական ընտրություններից հետո, Վարդան Օսկանյանը Լենմարկերի ասածը որակեց «լավ ցանկություն», որը, իր կարծիքով, բխում է բոլորի շահերից:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կոնգրեսում Ցեղասպանության ճանաչման բանաձեւի հարցին, եւ համարելով դա Միացյալ Նահանգների ներքին խնդիրը` այնուամենայնիվ, նախարար Վարդան Օսկանյանը համարում է, թե Հայաստանը չի կարող անտարբեր գտնվել այդ հարցում, երբ Թուրքիան վարում է ժխտողական քաղաքականություն. - «Մեզ զարմացնում է, որ Միացյալ Նահանգների կոնգրեսը հանդուրժում է նման բան, որ այլ երկրի պատգամավորը կամ արտաքին գործերի նախարարը գա իրենց երկիր, ժխտողականությամբ զբաղվի եւ նաեւ սպառնա, որ Կոնգրեսի [կողմից] ճանաչման դեպքում հետեւյալ պատժամիջոցները կկիրառեն Ամերիկայի նկատմամբ: Սա է մեզ առավել մտահոգողը»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG