Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրով. «ԱՊՀ-ն չկարողացավ վերածվել գործուն ինտեգրացիոն մեխանիզմի»


«ԱՊՀ-ն չկարողացավ վերածվել ո'չ գործուն ինտեգրացիոն մեխանիզմի, ո'չ էլ լուրջ միջազգային կառույցի, որն ի վիճակի լիներ ազդելու համաշխարհային քաղաքական պրոցեսների վրա», - Ռուսաստանի Պետդումայում այսօր հայտարարել է երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Համագործակցությունն այսօր բարեփոխումների կարիք է զգում», - դիմելով պատգամավորին, շարունակել է նա: - «Այլ հարց է, թե դրանք ինչպիսին են լինելու: Եվրամիության օրինակը, իմ կարծիքով, հարմար մոդել չէ: Մենք յուրահատուկ պատմություն ունենք, յուրահատուկ իրավիճակում ենք գտնվում, ուստի այն լուծումները, որ մենք որոնում ենք, չեն կարող արդեն կիրառված որեւէ փորձի կրկնօրինակը լինել»:

Նախարարի համոզմամբ` բարեփոխումների ամենանախընտրելի տարբերակը «էվոլյուիցոն ինտերգրումն է»: Ավելի մանրամասնորեն խոսելով ԱՊՀ-ի պետություններում Ռուսաստանի ունեցած դերի ու ազդեցության մասին` Lավրովը ընդունել է, որ այսօր Մոսկվան հետխորհրդային տարածքում որոշակի բարդությունների է բախվում` ըստ ամենայնի ակնարկելով Արեւմուտքի, նախեւառաջ Միացյալ Նահանգների դերակատարության աճի մասին:

«Վերջին տարիներին ԱՊՀ-ի տարածքում մեծացել է տարածաշրջանից դուրս գործող ուժերի ակտիվությունը: Ոմանք փորձում են Ռուսաստանին այս տարածաշրջանում մրցակցություն պարտադրել, եթե չասենք հակամարտություն` բառի բուն իմաստով: Մենք սադրանքների չենք ենթարկվի, մենք թափանցիկ, հասկանալի ու տնտեսական հստակ շահերի վրա հիմնված հարաբերություններ ենք կառուցում ԱՊՀ-ի պետությունների հետ», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Անդրադառնալով Վրաստանին` Lավրովը պնդել է, թե «Վրաստանի ղեկավարությունը չի արտահայտում այն տրամադրությունները, որ տիրում են վրացական հանրության շրջանում»:

Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքում սառեցված հակամարտություններին` Աբխազիային ու Հարավային Օսիային, ապա այստեղ ռուսական կողմը, կարծես, շտապել չի պատրաստվում: Այս խնդիրը ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը կապեց Կոսովոյի կարգավիճակի հարցի հետ` ակնարկելով, սակայն, թե առայժմ Կոսովոյի հնարավոր նախադեպը ԱՊՀ-ի տարածքում կիրառելու ցանկություն պաշտոնական Մոսկվան չունի:

«Սխալ կլիներ: Կարծես թե, մենք ձեռքերը շփելով սպասում ենք, որ Կոսովոն Սերբիայից պոկեն, մենք էլ նույնն անենք այդ հանրապետությունների հետ: Դա այդպես չէ, եւ դա երեւի սխալ դիրքորոշում կլիներ: Մենք նպատակ ունենք համակողմանիորեն զարգացնել հարաբերությունները այդ հանրապետությունների հետ: Այնտեղ մեր քաղաքացիներն են ապրում, եւ մենք պատասխանատու ենք նրանց սոցիալական խնդիրների լուծման համար», - ասաց նա:

Իսկ ինչ վերաբերում է Կոսովոյին, ապա այս դեպքում Մոսկվայի տեսակետը նույնն է: «Եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացվի լուծման այնպիսի տարբերակ, որին դեմ է Սերբիայի կառավարությունը, ապա Ռուսաստանը կկիրառի վետոյի իր իրավունքը», - այսօր մեկ անգամ էլ հայտարարել է Սերգեյ Lավրովը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG