Մատչելիության հղումներ

Մամեդյարովը հանդիպում է ունեցել Բան Կի-մունի հետ


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ` քննարկելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունների ներկայիս փուլը:

Հանդիպման մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը մանրամասներ է հաղորդել ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը: Ըստ այդմ`
Էլմար Մամեդյարովը ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը, որ տարբեր միջազգային կազմակերպությունների` այդ թվում ՄԱԿ-ի առավել ակտիվ ներգավումը կարգավորման գործընթացում, կնպաստի տարածաշրջանային հակամարտությունների արագ կարգավորմանը:

Ադրբեջանի արտգործնախարարը Բան Կի-մունին է հանձնել Իլհամ Ալիեւի հրավերը` այցելել Ադրբեջան: ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանի փոխանցմամբ` հրավերն ընդունվել է: Այցի ժամկետները կհամաձայնեցվեն ավելի ուշ:

Այսօր Մամեդյարովը Նյու Յորքից ժամանել է Վաշինգտոն, որտեղ վաղը նախատեսված է նրա հանդիպումը պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ:

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան շաբաթասկզբին ասել էր, որ հանդիպմանը ստորագրվելու է էներգետիկ համագործակցության մասին հուշագիր:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG