Մատչելիության հղումներ

Մինչ օրս մոտ 250 հայաստանցի զինվորական է մասնակցել Իրաքում մարդասիրական գործողություններին


Հայաստանի մոտ 50-հոգանոց զորախումբը, որի կազմում են բժիշկներ, սակրավորներ ու վարորդներ, Իրաքի պատերազմի ոչ մարտական, հումանիտար գործողություններին, կոալիցիոն ուժերի կազմում ու Լեհաստանի հրամանատարության ներքո մասնակցում է 2005 թվականից: Վեցամսյա ժամկետով հերթագայությամբ է զորախումբը ծառայում Իրաքում: Մինչ օրս, մոտ 250 հայաստանցի զինվորական է մասնակցել Իրաքում պատերազմի մարդասիրական գործողություններին:

Հայկական խաղաղապահ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արտակ Տոնոյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց, որ մինչ օրս ստանձնած պարտավորությունների կատարման հետ կապված որեւէ լուրջ խնդիր չի ունեցել հայկական զորախումբը: Իսկ թե արդյո՞ք կառավարությունը կարող է խնդրել ընդլայնել զորախմբի թվակազմը, ինչպես Վրաստանն Իրաքում իր 800 զինվորների թիվն ուզում է հասցնել 2 հազարի, Արտակ Տոնոյանն ասաց, որ տեղյակ չէ, եւ նման հարցն իր լիազորությունների շրջանակից դուրս է:

Անցած աշնանն Իրաքում վիրավորված սակրավոր, սպա Գեւորգ Նալբանդյանի վիճակը, ըստ պաշտպանության նախարարության աղբյուրների, բավարար է, նա Գերմանիայից տեղափոխվել էր ԱՄՆ, որտեղ հիմա ոտքի պրոթեզավորման փուլում է:

Իրաքի պատերազմից հոգնել են նաեւ ամերիկացիները, այն ավելի երկար ձգվեց, քան երկրի մասնակցությունը, ասենք, Երկրորդ համաշխարհային պատերազմին: Պատերազմի չորրորդ տարեդարձի նախօրեին ցուցարարները Ամերիկայի տարբեր քաղաքներում վանկարկում էին. - «Շատ է չորս տարին, ամերիկյան զորքին արդեն տուն բերեք: Շատ է չորս տարին, նրանց արդեն տուն բերեք»:

Վաշինգտոնում պատերազմի հազարավոր ընդդիմադիրներ կիրակի օրը քայլեցին դեպի Պենտագոն, ապա բախվեցին ցուցարարների մի այլ խմբի, որը հանդես էր գալիս ի պաշտպանություն Իրաքում ԱՄՆ-ի քաղաքականության: Հակադիր խմբավորումները միմյանց վրա զայրացած լուտանքներ թափեցին, բայց լուրջ միջադեպեր չեղան:

Իրաքի պատերազմի ու այնտեղ ժողովրդավարական հասարակություն կառուցելու գաղափարի հիմնական հեղինակը՝ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը, պատերազմի չորրորդ տարեդարձի իր ուղերձում ասաց, թե տեսնելով Իրաքում դժվարությունները, կարող է տեղի տալ ու լավագույն վճիռը կայացնել իրենց համար՝ հավաքել իրերն ու տուն գալ: Բայց, ըստ Ջորջ Բուշի, դա ժամանակավոր լուծում է. նրա համոզմամբ, այդ դեպքում կործանարար կլինեն ԱՄՆ-ի անվտանգության հետ կապված՝ դրա հետեւանքները:

Հասարակական կարծիքի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում հանրային աջակցությունը պատերազմին երբեւէ եղածից ամենացածրն է: Նույնը` Մեծ Բրիտանիայում, որի զորքը 2003-ին ամերիկյանի հետ ներխուժեց Իրաք:

Հոռետեսությունն աճում է նաեւ իրաքցիների շրջանում: Նրանց ընդամենը 18 տոկոսն է վստահում ամերիկյան կամ կոալիցիոն ուժերին, չնայած, մյուս կողմից, վստահության ցուցանիշը տարբեր է Իրաքի կառավարության հանդեպ:

Հարցվածների 86 տոկոսը անհանգիստ է, որ իր մերձավորներից մեկը կարող է բռնության զոհ դառնալ:


Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG