Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի ղեկավար անդամը «սադրանք» է որակում Հանրապետականի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչների բախումը


Անցած շաբաթ մայրաքաղաքի Էրեբունի համայնքում Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած վիճաբանությունն ու ծեծկռտուքը, ըստ ՀՀԿ-ի ղեկավար անդամ, կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի, «սադրանք է երկու կուսակցությունների դեմ»:

«Ես առայժմ չեմ կարծում, որ նման քայլերի գնացել են ո'չ «Բարգավաճ»-ը, ո'չ էլ Հանրապետական կուսակցությունը, եւ չեմ մտածում, որ հնարավոր է նույնպես ապագայում նման քայլերի դիմեն: Ցանկացած պարագայում, դա ինձ համար եւս անհասկանալի է: Եվ կարծում եմ` դա ընդամենը սադրանք է երկու կուսակցությունների դեմ», - երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մելիքյանը: - «Ես նման հակամարտություն չեմ տեսնում: Ես տեսնում եմ պարզ եւ շիտակ մրցակցություն»:

Հարցին, թե, իր կարծիքով, ո՞ւմ կողմից է եղել սադրանքը, Մելիքյանը արձագանքեց. - «Երրորդ ուժերի կողմից... Հիմնականում ընդդիմադիր դաշտում ընդդիմություն ձեւացող ուժերի կողմից»:

Ճշտող հարցին, թե կոնկրետ ո՞ր ուժի մասին է խոսքը` Գագիկ Մելիքյանը ասաց. - «Օրինաց երկիրը»:

«Օրինաց երկիր»-ի փոխնախագահ Մհեր Շահգելդյանը «աբսուրդային» որակեց Ազգային ժողովում իր գործընկերոջ ասածը. - «Դա աբսուրդ է` նման բան ասելը: Ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչ ցանկություն կա «Օրինաց երկիր»-ին խցկելու իրենց միջեւ հարաբերություններում»:

«Եթե նման բան իրականում տեղի է ունեցել, թող իրենք իրենց միջեւ հարաբերությունները պարզեն», - շարունակեց նա` հավելելով, որ ընտրություններից առաջ «անթույլատրելի է» ուժային հարաբերությունների առկայությունը քաղաքական դաշտում:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG