Մատչելիության հղումներ

Այսօր Մեղրիում Հայաստանի եւ Իրանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Մահմուդ Ահմադինեջադը պաշտոնապես բացեցին Իրան - Հայաստան գազատարը` դրանից վառելով խորհրդանշական ջահը:

«Մենք միասին կատարում ենք գազամուղի բացումը, ինչի մասին պայմանավորվել էինք Թեհրան իմ առաջին պաշտոնական այցի ժամանակ», - բացման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: - «Եվ չնայած նման արարողությունների համար ոչ բարենպաստ եղանակին` այստեղ է Իրանի նախագահը, եւ դա մեր բարեկամության վկայություններից մեկն է»:

«Գազամուղի բացումը պատմական իրադարձություն է եւ, անկասկած, նոր էջ է բացում հայ-իրանական հարաբերություններում», - երկու նախագահների համատեղ ասուլիսում ասաց Ռոբերտ Քոչարյանը: - «Հայաստանը անկախություն ձեռքբերելուց անմիջապես հետո մեծ դժվարությունների է հանդիպել` ե'ւ պատերազմ, ե'ւ շրջափակում, ե'ւ էներգետիկ ճգնաժամ: Այսօր այդ դժվարությունները մեր հիշողության մեջ ինչ-որ տեղ խամրում են, բայց, անկասկած, մենք հիշում ենք Իրանի ժողովրդի կողմից ցուցաբերված բարի կամքը եւ մեծ օժանդակությունը»:

Շարունակելով` Հայաստանի նախագահը ասաց, որ 15 տարի առաջ Մեղրիում ոչինչ չէր կապում երկու պետությունները` բացի «մի քանի շարք փշալարերից, որոնք խորհրդանշում էին Սովետական Միության սահմանը». - «Դա փաստ է. չկար այն կամուրջը, որտեղ ես այսօր դիմավորեցի իմ գործընկերոջը: Եվ այս կամուրջով անցած տարի, օրինակ, վեց հարյուր հազար տոննա բեռ է փոխադրվել»:

«Ընդամենը 10 տարի առաջ մեր էներգետիկ համակարգերը միմյանց հետ կապված չէին ընդհանրապես: Այսօր մենք խոսում ենք երրորդ բարձրավոլտ գծի շինարարության մասին, եւ ստորագրել ենք այսօր փաստաթուղթ` Արաքս գետի վրա ՀԷԿ կառուցելու վերաբերյալ», - ասաց Հայաստանի նախագահը` «օրինակելի» բնութագրելով հայ-իրանական երկկողմ հարաբերությունների «զարգացման դինամիկան»:

«Ես շատ ուրախ եմ ու երախտապարտ ողորմած եւ բարեգութ Աստծուն, որ հնարավորություն ընձեռեց այսօր բացելու Իրան - Հայաստան գազամուղը, մի նոր ծառայություն մատուցելու Հայաստանի ժողովրդին, մեկ մեծ քայլ վերցնելու հայ-իրանական հարաբերությունների զարգացման ծիրում», - իր խոսքում ասաց Մահմուդ Ահմեդինեջադը` շեշտելով, որ Հայաստանի անկախացումից ի վեր երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունները «անընդհատ վերընթաց զարգացում են ապրել»:

Պատասխանելով իրանցի լրագրողի հարցին, որ վերաբերում էր Իրան – Հայաստան երկկողմ հարաբերություններին, Հայաստանի նախագահը պատասխանեց. - «Ակտիվ քաղաքական շփումներ կան բոլոր մակարդակներում, եւ դա կանոնակարգվում է միջկառավարական հանձնաժողովի միջոցով»:

«Դա թույլ է տալիս ավելի լավ իրար հասկանալ, չանել քայլեր, որոնք բարեկամ երկիրը վատ կարող է ընկալել, կամ իր անվտանգության համար սպառնալիք դիտել» - ասաց Հայաստանի նախագահը` շարունակելով. - «Չափազանց կարեւոր է զգայուն դաշտ չձեւավորելը»:

Գազամուղի` Մեղրիից մինչեւ Քաջարան ձգվող հատվածի սեփականատերը «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունն է, որը եւ 15 տոկոսով ֆինանսավորել է այդ 40-կիլոմետրանոց խողովակաշարի շինարարությունը: Մնացած մասը ֆինանսավորել է իրանական կողմը, եւ հայկական կողմը դրա դիմաց պետք է վճարի էլեկտրաէներգիայով:

Հայաստանի Էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ այս պահի դրությամբ Հայաստանը տարեկան Իրանից կարող է ստանալ մինչեւ 400 միլիոն խորանարդ մետր գազ, բայց, քանի որ ցանկություն կա ավելի շատ գազ ստանալ իրանական կողմից, հետեւաբար` ընդլայնման աշխատանքներ պետք է իրականացվեն:

Փոխնախարարի խոսքերով, «ՀայՌուսգազարդ»-ը արդեն այս տարվանից կսկսի երկրորդ խողովակաշարի կառուցումը, եւ այդ դեպքում արդեն Հայաստանը կարող է իրանական կողմից 2,3 միլիարդ խորանարդ մետր գազ ստանալ:

Իրան - Հայաստան գազատարի բացման արարողությունը սկզբնապես նախատեսված էր անցած տարվա դեկտեմբերի 1-ին:

Հայկական կողմը ժամկետների հետաձգումը պայմանավորում էր եղանակային վատ պայմաններով եւ շինարարական աշխատանքների ձգձգմամբ:


Ռուզաննա Ստեփանյան, Մեղրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG