Մատչելիության հղումներ

Մատաղիսի գործով ազատ արձակված զինվորների ծնողները շարունակում են բողոքել


Ուրբաթ օր Հայաստանի գլխավոր դատախազության շենքի մոտ բողոքի ցույց էին կազմակերպել Մատաղիսում երկու զինծառայողների սպանության մեջ մեղադրվող երեք զինծառայողների ծնողները, սպանված զինծառայողներից մեկի մայրը, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ` պնդելով, որ լրացուցիչ նախաքննությունն ընթանում է օրենքի կոպիտ խախտումներով:

2004 թվականի հունվարին զինվորներ Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանության մեղադրանքով ցմահ ազատազրկման դատապարտված զինծառայողներ Մուսա Սերոբյանը, Արայիկ Զալյանը եւ Ռազմիկ Սարգսյանը անցած դեկտեմբերին Վճռաբեկ դատարանի որոշմամբ ազատ էին արձակվել եւ գործն ուղարկվել էր լրացուցիչ քննության:

Փաստաբան Զարուհի Փոստանջյանի փոխանցմամբ, դատաբժշկական փորձաքննության ընթացքում կատարված կեղծիքների, ինչպես նաեւ զինվորներին խոշտանգումների ենթարկած անձանց մասով քննություն չի կատարվում, թեեւ զինծառայողները նշում են իրենց խոշտանգումների ենթարկած անձանց անունները` այդ թվում գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի անունը, որը երկրի գլխավոր զինդատախազի պաշտոնում ղեկավարել էր սպանության գործի հետաքննությունը:

Ռազմիկ Սարգսյանի մոր` Ջուլիետա Սարգսյանի խոսքերով, այդ խոշտանգումների հետեւանքով իր որդին լուրջ առողջական խնդիրներ ունի ու վիրահատական միջամտության կարիք. - «Առոջական վիճակը շատ վատ է: Ունենում է գլխացավի նոպաներ, եւ մինչեւ շտապօգնությունը չգա, չսրսկի, չի հանգստանում: Գլխին ստացած հարվածների հետեւանքն է»:

Սպանված զինծառայող Հովսեփ Մկրտումյանի մայրը, որ մասնակցում էր ցույցին, գլխավոր դատախազից պահանջում էր «քաջություն ունենալ եւ պատժել իրական մարդասպաններին»:

Ցուցարարներին դատախազության աշխատակիցներից ոչ ոք չմոտեցավ ու չընդունեց գլխավոր դատախազին ուղղված բողոք-միջնորդագիրը: Ցուցարարները այն գցեցին նամակների եւ դիմումների արկղն ու հեռացան:

Միջնորդագրում նրանք կոչ են անում գործի քննությունը անհապաղ հանձնել անկախ քննիչների` բացառելով զինվորական դատախազության որեւէ աշխատակցի մասնակցությունը, քրեական գործ հարուցել խոշտանգումներն իրականացրած անձանց նկատմամբ եւ դադարեցնել ազատ արձակված զինվորների նկատմամբ քրեական հետապնդումը:

Զինվորական դատախազության քննիչ Վարդան Սմբատյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ խոշտանգումների վերաբերյալ հայտարարության շուրջ իրենք քննություն իրականացնում են, բայց այս պահին որեւէ տեղեկություն հայտնել չեն կարող:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG