Մատչելիության հղումներ

Երեկ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին խորհրդարանում հանդես է եկել երկրի կացության վերաբերյալ ամենամյա ուղերձով: Լրատվական գործակալությունների փոխանցմամբ, արարողությունը բավական շքեղ էր եւ հանդիսավոր՝ առաջինը դահլիճ է մտել Վրաստանի հոգեւոր առաջնորդ Իլիա երկրորդը, ապա ներս է եկել Միխեիլ Սահակաշվիլին, որը շարժվել է դեպի ամբիոն` ճանապարհին ողջունելով պատգամավորներին եւ սեղմելով նրանցից մի քանիսի ձեռքերը:

«Կոմերսանտ»-ի թղթակցի խոսքերով, «այս արարողությունն ակամա հիշեցնում էր Կոնգրեսում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների ամենամյա ուղերձները»:

«Եվրոպան է մեր հիմնական քաղաքական ուղեցույցը», - հայտարարել է Սահակաշվիլին իր ուղերձում: - «Եվրոպան՝ ամենից վեր»` սա պետք է դառնա մեր արտաքին քաղաքականության գլխավոր կարգախոսը եւ առաջնորդող սկզբունքը: Մենք կապված ենք Եվրամիության հետ Նոր հարեւանության ծրագրով, եւ մենք ուզում ենք համապարփակ համագործակցություն բոլոր բնագավառներում՝ անվտանգության, տնտեսության եւ քաղաքականության»:

Խոսելով «եվրոպական ճանապարհի» մասին` Միխեիլ Սահակաշվիլին նաեւ ասել է. - «Վրաստանը վերադառնում է իր պատմական ընտանիք: Մենք ոչ թե պարզ եվրոպացիներ ենք, մենք ամենահին եվրոպացիներն ենք, Եվրոպան վերադառնում է Վրաստան, Վրաստանը վերադառնում է Եվրոպայի գիրկը»:

Չնշելով Ռուսաստանի անունը` Սահակաշվիլին խոսել է մի երկրի մասին, «որտեղ ոտնահարում են վրացիների իրավունքները, բիրտ ձեւով արտաքսում են նրանց եւ շրջափակում են Վրաստանը»:

«Նրանք ամենակեղտոտ մեթոդներով փորձել են ապակայունացնել մեր քաղաքական վիճակը, սակայն հաջողության չեն հասել», - ասել է Սահակաշվիլին:

Հրատապ հարցերից նա նշել է երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու նպատակը:

Արտաքին ասպարեզում ամենակարեւորը, ըստ Սահակաշվիլիի, ՆԱՏ0-ին անդամակցելն է:

Միխեիլ Սահակաշվիլին անցած շաբաթ հայտնել է Իրաքում վրաց խաղաղապահների թիվը 850-ից 2000-ի հասցնելու մտադրության մասին եւ հայտարարել. - «Այդպես մենք կունենանք երկրի բնակչության թվի համամասնական ցուցանիշով ամերիկացիներից հետո ամենախոշոր զորամիավորումը Իրաքում»:

Երեկ խորհրդարանում Վրաստանի նախագահը «Վախթանգ Գորգասալի» շքանշան է հանձնել Իրաքում վիրավորված վրացի կապրալ Միխայիլ Կուտատելաձեին:

Լրատվական գործակալությունները նշում են, որ ամենամյա ուղերձներով խորհրդարանում հանդես գալու ավանդույթը Վրաստանում սկսվել է Էդուարդ Շեւարդնաձեի նախագահության օրոք: Շեւարդնաձեն ելույթից հետո միշտ մնում էր ամբիոնի մոտ եւ պատասխանում խորհրդարանականների հարցերին, հաճախ բանավիճում էր ընդդիմադիր օրենսդիրների հետ:

Սահակաշվիլին խախտել է այդ ավանդույթը. ելույթից անմիջապես հետո նա հեռանում է դահլիճից: Նա պարզաբանել է, թե «այդպես են անում աշխարհի բոլոր նախագահները»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG