Մատչելիության հղումներ

Չինացու տունը դարձել է կղզի


Չինաստանի Չունցին քաղաքում այս օրերին զբոսաշրջիկներն ու տեղացիները հատուկ գալիս են կենտրոն, որտեղ այսպիսի մի տեսարան է` մեծ շինհրապարակ, կռունկներ, բուլդոզերներ, բետոն խառնող մեքենաներ, հսկայական փոս, որի հատակում բանվորները զոդում են հիմքի ամրանները, եւ այդ ամենի կենտրոնում վեր է խոյանում 10 մետր բարձրությամբ ու մի քանի տասնյակ մետր տրամագծով հաստ սյուն, որի վրա գտնվում է հին, կիսավեր մեկհարկանի տուն:

Այս հաղորդագրությունն ու լուսանկարը հրապարակել է «Անանովա» լրատվական գործակալությունը:

Չունցինում ակտիվ շինարարություն է: Քաղաքի թաղամասերից մեկը մի քանի տարուց կդառնա ֆանտաստիկ ճարտարապետության սիմվոլ, հարուստ ֆիրմաների, շքեղ ռեստորանների եւ խանութների ու թանկ բնակելի բազմահարկերի կենտրոն: Ծրագիրը հաստատված է, բանվորներն արդեն աշխատում են, մինչդեռ, տենդերը շահած ընկերությունը տակավին համաձայնության չի եկել քանդման ենթակա խարխուլ տնակներից մեկի սեփականատիրոջ հետ:

«Կտաք 20 միլիոն յուան (2,5 միլիոն դոլար)՝ կհեռանամ, չեք տա՝ մինչեւ կյանքիս վերջը կմնամ այստեղ», - ասել է տան տերը:

Քանի որ շինարարական ընկերությունն արդեն գնել է հողամասը, բանվորները ստիպված սկսել են աշխատանքը, շինհրապարակ են հասցրել տեխնիկան, քանդել են հին տնակները, մաքրել տեղանքը, հիմա էլ փորում են հիմքը, սակայն համառ չինացուն չեն վտարում:

Իսկ թե ինչպե՞ս է չինացին ամեն օր իջնում ու բարձրանում, տուն մթերք բերում, երեխաներին դպրոց ուղարկում՝ հայտնի չէ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG