Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Թիվ 6 ընտրատարածքում առաջադրված եւ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող` «Ազգային միաբանություն» կուսակցության նախկին անդամ Աղասի Արշակյանը, որին «Ազգային միաբանություն»-ը իր համամասնական ցուցակում հատկացրել էր 21-րդ տեղը, «Առավոտ»-ի հարցազրույցում ասել է. - «Այնտեղ մարդիկ կան, որ ցուցակում մի համար առաջ ընկնելու համար կռիվ են արել, պահանջներ ներկայացրել, վատ վիճակի մեջ դրել «Ազգային միաբանության» նախագահին: Ինքս երբեք տեղի համար կռիվ չեմ տվել, ու թերեւս Արտաշես Գեղամյանը հաշվի էր առել նախկինում իմ դրսեւորած համեստությունը, կամ, միգուցե, իրոք համոզված է, որ այդ տեղն էլ է անցողիկ: Բայց ես չպիտի լինեի այդ տեղում»:

«Հայք»-ի տեղեկություններով, «Ազգային անվտանգության» աշխատակիցներն այցելում են թաղային այն հեղինակություններին, որոնք նախորդ ընտրություններին աշխատել են «երկրորդական» կուսակցությունների օգտին: Թերթի փոխանցմամբ, թաղային հեղինակություններին առաջարկել են աշխատել իշխանական կուսակցությունների օգտին եւ նրանց իրենց տեսադաշտում պահելու համար վերցրել են նաեւ բջջային հեռախոսների համարները: «Հեղինակություններին ոգեւորելու համար նրանց առաջարկվում է գլխավորել կուսակցական գրասենյակներ», - գրում է թերթը:

Փոխանցելով, թե «Դաշնակցությանը բախտ չի վիճակվի երկրորդ անգամ վայելելու ընդդիմություն դառնալու հաճույքը»` «Հայք» պարբերականի վերուծաբանն այսօր պատճառաբանել է.- «Պատճառն ամենեւին էլ այն չէ, որ իշխանությունները, տեղի տալով ՀՅԴ շանտաժին, կհամաձայնվեն նրանց մի քանի տոկոս ավելի տալ։ Դաշնակցությունը կստանա այնքան ձայն, որքան նախատեսել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Եվ երբեք ու երբեք հեղափոխական ընկերները չեն համարձակվի դառնալ ընդդիմություն: Այսօրվա վարչախումբը մշտապես գործել է անխտիր բոլորի վրա կոմպրոմատներ հավաքելու սկզբունքով։ Եվ եթե հանկարծ դաշնակցական ընկերները մի օր որոշեն ընդվզել ու ընդդիմանալ իրենց իսկ ստեղծած ռեժիմին, ապա Ռոբերտ Քոչարյանը իրավիճակի փոփոխության պատճառով դաշնակցականներին կուղարկի այնտեղ, որտեղից նրանք 1998 թվականին դուրս էին եկել։ Ի վերջո, Վահան Հովհաննիսյանն ու իր ընկերները գիտակցում են, որ իրենք մեկուսարանից դուրս են եկել ընդամենը իրավիճակի փոփոխության պատճառով, սակայն, նրանց դեմ հարուցված քրեական գործը չի կարճվել, եւ դաշնակցականները այդպես էլ չեն արդարացվել»։

Քաղաքագետ Արմեն Բադալյանը «Հայաստանի Հանրապետություն»
օրաթերթի թղթակցի հետ զրույցում, բացատրելով «Բարգավաճ Հայաստան»-ի հաջողությունը, ձեւակերպել է. - ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական լիցք է բերել, այն, ինչին հավակնում էր ՕԵԿ-ը եւ ձախողվեց՝ կառավարող կոալիցիայից դուրս գալուց հետո»։ Հարցին, թե ինչո՞ւ են այդքան շատ մարդիկ անդամագրվում ԲՀԿ-ին, քաղաքագետը պատասխանել է. -«Հասարակության այն մասը, որը բավարարված չէ իշխանությունների աշխատանքով, բայց առավել եւս դժգոհ է ընդդիմությունից եւ վերջինիս հետ որեւէ հեռանկար չի կապում, հույսը դնում է նորաստեղծ կուսակցության վրա»։ «Եթե սոցիալիստներն ընդունելի են Հայաստանի համար, ապա կոմունիստներն այլեւս երբեք չեն վերադառնա։ Այս ընտրազանգվածի վրա այսօր աշխատում է ժողովրդական կուսակցությունը՝ ի դեմս ԱԼՄ ղեկավար Տիգրան Կարապետյանի», - գրում է քաղաքագետը։

«Հայրենի ժողովրդավարության առանձնահատկություններին» անդրադառնալով` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանն այսօր առանձնացրել է. - «Գնահատելով երկրում ժողովրդավարության մակարդակը՝ մարդիկ նախ եւ առաջ չափում են այն իրենց վրա։ Եվ ստացվում է, որ ժողովրդավարությունը ավելի շատ դուր է գալիս նրանց, ովքեր հաջողակ են, ում գործերը լավ են գնում։ Նման մարդիկ քիչ չեն, բայց, բնականաբար, մեծամասնություն էլ չեն կազմում: Այստեղից էլ մեծամասնության քննադատական վերաբերմունքը երկրում ժողովրդավարության մակարդակի նկատմամբ»։

ՀԺԿ-ի (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) վարչության անդամ Ռուզան Խաչատուրյանը «Առավոտ»-ին հայտնել է, որ «ահազանգեր են ստացել Արաբկիրի բնակիչներից, թե արդեն հօգուտ ՀՀԿ-ի քարոզչություն են սկսել անել ոչ միայն թաղապետարանի աշխատակիցները, այլ նաեւ սոցիալական ծառայության՝ «Փարոս»-ի աշխատակիցները»: «Նրանք խաղարկելով վախի գործոնը, որ նպաստառուները կարող են դուրս մնալ այդ համակարգից՝ քարոզում են իրենց ձայնը տալ ՀՀԿ-ին», - հավելել է թերթը:

«Մամլոֆոբիա» վերնագրի ներքո «Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. - «Երկու օր առաջ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Նիկոլայ Պավլովը ասուլիս է անցկացրել: Հաշվի առնելով այն փաստը, որ պարոն Պավլովը խիստ հազվադեպ է շփվում մամուլի հետ, կարելի է ասել, որ այդ ասուլիսը բացառիկ իրադարձություն էր: Առավել եւս տարօրինակ է, որ ասուլիսին չէին հրավիրվել առանց բացառության բոլոր ընդդիմադիր համարվող լրատվամիջոցները... Այսպիսի խտրական վերաբերմունքը պարզապես պատիվ չի բերում Ռուսաստանի դեսպանատանը եւ անձամբ դեսպանին»: «Ամենազարմանալին այն է, որ ընդամենը մի քանի օր առաջ «Չորրորդ իշխանության» ներկայացուցիչը զանգահարել էր Ռուսաստանի դեսպանատուն եւ խնդրել տեղեկացնել, թե արդյո՞ք պրն Պավլովը պատրաստվում է մամուլի ասուլիս անցկացնել մոտ օրերս, եւ եթե այո, ապա` ե՞րբ: Դեսպանատան աշխատակիցը պատասխանել է, որ նման բան չկա եւ ոչ մի ասուլիս չի լինելու: Մեկնաբանություններն ավելորդ են», - եզրակացրել է թերթը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG