Մատչելիության հղումներ

Կոկոյտին «բացահայտել է Պենտագոնի դավադրությունը»


Ըստ «Գազետա» թերթի, Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին բացահայտել է «Պենտագոնի դավադրությունը»: Նա ասել է, թե Վրաստանի Կազբեկի շրջանում, Ռուսաստանի հետ սահմանից ոչ հեռու, «ռազմական նշանակության ռադիոլոկացիոն հզոր կայանի տեղադրման նախապատրաստություն է ընթանում»: Եվս մեկ կայան, ինչպես պնդում է Կոկոյտին, կտեղակայվի վրաց-օսական բախման գոտում, Վրաստանի տարածքում:

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Գաբաշվիլին «Գազետա» թերթին տված հարցազրույցում Հարավային Օսիայի նախագահի այս ասածները զառանցանք է անվանել` անիմաստ համարելով արձագանքել դրանց:

Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լեւան Նիկոլեիշվիլին հայտարարել էր, որ նման կոնսուլտացիաներ ԱՄՆ-ի հետ իրենք չունեն: «Կովկասում այլ հանրապետություններ էլ կան, եւ առայժմ Վրաստանի վրա ուղիղ մատնացույց անելու առիթ չկա», - ասել է փոխնախարարը: «Գազետա» թերթը համարում է, որ դա ճիշտ չէ. - «Հարավային Կովկասի երեք հանրապետություններից երկուսում ռուսական ռազմական ներկայություն կա: Հայկական Գյումրի քաղաքում ռուսական ռազմական բազա է տեղակայված, ու առայժմ ոչ ոք այնտեղից դուրսբերում չի նախատեսում: Ադրբեջանում տեղակայված է Գաբալայի ռուսական ռադիոլոկացիոն կայանը, որի փակման հարցն ադրբեջանական կողմը պաշտոնապես չի բարձրացրել առայժմ: Մնում է միայն Վրաստանը, որտեղից մինչեւ 2008 թվականի վերջը դուրս կբերվեն ռուսական բազաները. Ախալքալակից ու Բաթումից»:

ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության գործակալության տնօրեն, գեներալ լեյտենանտ Հենրի Օբերինգն էր վերջերս ասել, որ Պենտագոնը կուզենար Եվրոպայում ստեղծվող հակահրթիռային համակարգի շրջանակներում մի կայան էլ ունենալ Կովկասում: Երեկ գեներալը հայտարարեց, որ ԱՄՆ-ը, բացի Չեխիայից ու Լեհաստանից, որեւէ երկրի, մասնավորապես Կովկասում, առաջարկ չի արել հակահրթիռային ռադար տեղադրելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG